Թերթը զրուցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Մեւլութ Չավուշօղլուի հետ:
Պրն Չավուշօղլու, այս շաբաթ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ վեհաժողովում, նաեւ հանդիպեց Ձեզ հետ: Ինչպիսի՞ն է ձեր տպավորությունը նախագահի հետ հանդիպումից:
Հիմնականում մենք քննարկեցինք, թե ինչ ենք մենք անում այստեղ եւ բարեփոխումների ընթացքը Հայաստանում: Մենք ողջունեցինք երկխոսությունը Հայաստանում իշխանությունների եւ ընդդիմության միջեւ` ողջունելով նաեւ համաներումը, որ հայտարարել է Հայաստանի նախագահը: Հանդիպումն, ընդհանուր առմամբ, դրական մթնոլորտում էր: Իհարկե, մենք չհամաձայնեցինք ղարաբաղյան հարցով վեհաժողովի ենթահանձնաժողովի առնչությամբ, ինչը վեհաժողովի որոշումն է եւ բյուրոյի: Կարեւոր չէ, դա ձեզ դուր է գալիս, թե ոչ, դուք պետք է հարգեք դա: Ճիշտ չէ նաեւ ասել, թե առանց հայաստանյան պատվիրակության այդ հանձնաժողովն անիմաստ է: Սա Թուրքիայի պատվիրակի նախագահության նախաձեռնությունը չէ, այլ վեհաժողովի բյուրոյի միաձայն որոշումը: Ես հասկանում եմ, որ Հայաստանը բավարարված չէ, բայց նա պետք է մասնակցություն ունենա հանձնաժողովում, այն ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի դեմ է:
ԵԱՀԿ Մինսկի խումբն անգամ բազմիցս հայտարարել է, որ բարենպաստ չեն այս ձեւաչափից դուրս քննարկումները, քանի որ դրանք կարող են մեծացնել լարվածությունը:
Այս ենթահանձնաժողովը չի վնասում ոչ մի գործընթացի: Ենթահանձնաժողովի նպատակը Մինսկի խմբի արածը կրկնելը չէ, այլ նպատակ ունի քննարկել մարդասիրական հարցերն ու նպաստել երկխոսությանը կողմերի միջեւ: Քաղաքական հարցերը քննարկվում են Մինսկի խմբի շրջանակներում, դա մենք հասկանում ենք, բայց վեհաժողովը չի կարող աչք փակել նրա վրա, թե ինչ է տեղի ունենում իր անդամ երկրներում կամ դրանց միջեւ:
Պրն նախագահ, Դուք համարվում եք ղարաբաղյան հարցով ենթահանձնաժողովի վերակենդանացման կամ աշխուժացման հիմնական նախաձեռնողն ու աջակիցը: Ի՞նչ եք կարծում, հունվարին Ձեր նախագահության ավարտով կարո՞ղ են ենթահանձնաժողովի գործունեության ակտիվացման ջանքերը ավարտվել, թե այն կշարունակի կենդանացման փորձեր անել:
Համաձայն չեմ Հայաստանում հնչող այս մեքենայության հետ, թե ես եմ սրա մեծ աջակցողը: Ես` որպես վեհաժողովի նախագահ, արել եմ իմ աշխատանքը, պարտավոր եմ այն անել: Ես սպասել եմ մեկ տարի` հանդիպելու երկու պատվիրակությունների նախագահներին, քննարկելու եւ համաձայնելու ենթահանձնաժողովի մանդատը, բայց սա վեհաժողովի կոչն է, ինչը հայկական կողմը չի ցանկանում հասկանալ: Ենթահանձնաժողովը վեհաժողովի բանաձեւի արդյունք է, եւ ես պարտավոր էի այդ հարցը բարձրացնել բյուրոյում, որը միաձայն, առանց բացառության, աջակցեց այդ գաղափարին:
Սա է, որ Հայաստանի որոշ գործիչներ եւ լրագրողներ չեն ցանկանում ընդունել: Փաստացի, որոշ մարդիկ ստում են իրենց ժողովրդին, քանի որ սա իմ նախաձեռնությունը չէ: Եվ հիմա ենթահանձնաժողովն ինքը պետք է որոշի` ինչ անել եւ ուր գնալ: Մենք որեւէ կողմում չենք, ենթահանձնաժողովում ես որեւէ իրավունք չունեմ ազդելու, չկա թուրք անդամ այդ ենթահանձնաժողովում, եւ հիմա ամեն ինչ կախված է բյուրոյից ու հենց այդ ենթահանձնաժողովից: Ես այս ամենի մեծ աջակիցը չեմ, դա սխալ է եւ ինձ չի մտահոգում` սա լուրջ կընդունեն թե ոչ, սա է փաստը:
Հայ-թուրքական հարաբերությունների առումով: Թուրքիան անցավ խորհրդարանական ընտրությունները, եւ վարչապետ Էրդողանը կառավարություն ձեւավորեց: Ի՞նչ եք կարծում, կհրաժարվի արդյոք Թուրքիայի ներկայիս ղեկավարությունն արդեն հետընտրական շրջանում Հայաստանին առաջադրած նախապայմաններից:
Ես չեմ կարծում, թե կփոխվի իրավիճակը, քանի որ պայմանը շատ հստակ է` Թուրքիան պահանջում է Հայաստանից դուրս բերել զինուժը օկուպացված հատվածից: Սա է Թուրքայի վարչապետի խոսքը: Եվ եղել է համաձայնություն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունները ստորագրելիս: Եվ սա հաստատում են այլ նախարարներ, թեեւ սա չկա արձանագրություններում, քանի որ պայմանը վերաբերում է երրորդ կողմին` Ադրբեջանին: Հայաստանի արտգործնախարարը փորձում է ինձ մեղադրել, բայց ես հարցրել եմ ինձ հանդիպած արտգործնախարարներին, եւ բոլորը հաստատել են, որ Հայաստանը ընդունել է իր ուժերը դուրս բերել 5 շրջաններից, ոչ թե 7:
Անգամ ոչ 1-2 շրջաններից, այլ` 5:
Այո, հինգ շրջաններից: Հայաստանն այդուհետեւ առաջարկել էր Թուրքիային 5-ի փոխարեն 3 շրջան, այդուհետեւ բանակցել էին թվերի համար, բայց դա էլ չաշխատեց: Վերջնական համաձայնեցվել էր 5 շրջաններից զինուժի դուրսբերումը, եւ քանի որ ոչ մի շրջանից ուժերը դուրս չեն բերվել, դրա համար էլ Թուրքիայում արձանագրությունների վավերացում չեղավ: Ամեն դեպքում, Թուրքիան ցանկություն է հայտնում նորմալացնելու հարաբերությունները, բայց այդ պայմանով, որի առնչությամբ Թուրքիան հաստատակամ է: Լեռնային Ղարաբաղը այլ հարց է:




























