Մեկնաբանելով Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը «The New York Times»-ն այսօր, հունիսի 25-ին գրում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնագրի ձեռքբերումը թույլ կտար սկսել խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքները:

Թերթը նշում է, որ միջազգային միջնորդները մեծ հույսեր էին կապում երեկ, հունիսի 24-ին Կազանում կայացած նախագահների բանակցությունների հետ: Կողմերին առաջարկվել էր համաձայնություն տալ հիմնարար սկզբունքներին, որոնք կօգնեն կարգավորել հակամարտությունը Ղարաբաղում` հայկական անկլավում, որը խորհրդային դարաշրջանի ավարտին պահանջում էր անջատում Ադրբեջանից:

«The New York Times»-ը նշում է, որ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն զգալի ճնշում էին գործադրում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վրա` Կազանի հանդիպման ընթացքում հիմնարար սկզբունքների վերաբերյալ հավանություն կորզելու նպատակով: Կողմերի հաշտեցման գործում զգալի ջանքեր, ժամանակ եւ քաղաքական կապիտալ է ներդրել, մասնավորապես, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Սակայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բեկում ունենալու հույսը ի չիք եղավ, երբ Ռուսաստանը հայտարարություն տարածեց, թե երկու պետությունների առաջնորդներին չի հաջողվել համաձայնության հասնել հիմնարար սկզբունքների վերաբերյալ:

«The New York Times»-ի հետ զրույցում Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը հայտարարել է, թե «դա կարելի էր ակնկալել, քանի որ կողմերի դիրքորոշումները ամեն տարի, էլ ավելի են ծայրահեղանում, ինչը մեծացնում է պատերազմի հավանականությունը»:

Բանակցային գործընթացի մասնակից դիվանագետներից մեկը անունը չհրապարակելու պայմանով, թերթին ասել է, որ կազանյան բանակցությունները վերջին շանս չէին, եւ աշխատանքը շարունակվում է: Այդուամենայնիվ, դիվանագետը նշել է, որ կողմերը շատ ավելի քիչ առաջընթաց ունեցան, քան ակնկալում էին միջոնրդները:

«Բանակցային գործընթացը հստակ ցույց տվեց, որ կողմերի միջեւ դեռ գոյություն ունի փոխադարձ անվստահության հսկայական բաժին: Իսկ մեզ թվում էր, թե կողմերը կկարողանան ավելին ձեռք բերել»,- ասել է դիվանագետը:

«The New York Times»-ը նշում է, որը երկու երկրներում էլ ներքաղաքական իրավիճակը լուրջ խոչընդոտ է հակամարտության կարգավորման ճանապարհին: Արդեն երկու տասնամյակ շարունակվող ղարաբաղյան դիմակայությունը բուռն հույզեր են առաջացնում երկու հասարակություններում էլ, եւ զիջումների գնալու դեպքում երկու երկրների առաջնորդներին էլ սպառնում է բախվել կատաղի ցասման պետության ներսում: Դեռեւս Կազանի հանդիպումից առաջ միջնորդները կասկած էին հայտնում, թե Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները բավարար քաղաքական կամք կունենան` իրենց քաղաքացիներին ներկայացնելու հնարավոր պայմանավորվածությունների բովանդակությունը:

«The New York Times»-ի տեղեկություններով, հիմնարար սկզբունքները ներառում են Լեռնային Ղարաբաղին ժամանակավոր ինքակառավարման կարգավիճակի տրամադրում, բուֆերային գոտու վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը, փախստականների վերադարձի երաշխիքներ, Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ անվտանգ միջանցքի ապահովում, միջազգային խաղապահ ուժերի ստեղծում եւ անկլավի վերջնական կարգավիճակի սահմանման սկիզբ, ինչն ամենացավագին հարցն է: