Տարածաշրջանում կլիմայի փոփոխության եւ Տիգրիս ու Եփրատ գետերի ակտիվ օգտագործման պատճառով մինչեւ 2035 թվականը Իրաքը կարող է ջրի լուրջ անբավարարության հետ բախվել: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է հանրապետության նախագահ Բարհամ Սալեհը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ Իրաքը վերջին 40 տարիների ընթացքում տառապում է տարբեր ցնցումներից՝ պատերազմները, պատժամիջոցները, ահաբեկչությունը եւ ներքին հակամարտությունները սպառնում են նրա կայունությանը եւ քաղաքացիների բարեկեցությանը: Սակայն երկրի առջեւ ծառացած ամենալուրջ եւ երկարաժամկետ սպառնալիքը կապված է հնարավոր տնտեսական ազդեցության եւ կլիմայի փոփոխությունից շրջակա միջավայրի ոչնչացման հետ: Ջրային ռեսուրսների նախարարության տվյալներով՝ Իրաքը մինչեւ 2035 թվականը կարող է բախվել ջրի տարեկան գրեթե 10,8 միլիարդ խորանարդ մետր պակասի հետ»,- ասել է Սալեհը:
Նրա խոսքով՝ անապատացումը առնչվում է Իրաքի տարածքի 39%-ին, իսկ հողի 54%-ը գտնվում է գյուղատնտեսական ներուժի կորստի սպառնալիքի տակ: Նախագահը նշել է, որ Տիգրիսի եւ Եփրատի գետաբերանների ու վտակների վրա ամբարտակների կառուցումը նվազեցրել է ջրի հոսքը եւ հանգեցրել է Պարսից ծոցից հոսանքով դեպի վերեւ Շաթ էլ-Արաբ գետ աղային հոսանքի վերաուղղմանը:
Բացի այդ, ըստ պետության ղեկավարի, 2050 թվականին երկրի բնակչությունը ներկայիս 38 միլիոնից կդառնա 80 միլիոն, ինչը կբարձրացնի տնտեսական եւ սոցիալական ռիսկերը, եթե կլիմայի փոփոխությունն առանց ուշադրության մնա: Միեւնույն ժամանակ, Սալեհը հասկացրել է, որ տարածաշրջանում ջրային ռեսուրսների խնդրի լուծումը պահանջում է Իրաքի, Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի միջեւ կառուցողական երկխոսություն՝ հիմնված հավաքական պատասխանատվության սկզբունքների եւ ջրային ռեսուրսների կայուն կառավարման ընդհանուր ջանքերի վրա: Նա նաեւ հավելել է, որ Բաղդադն այդ կապակցությամբ միջազգային հանրությունից օգնություն կխնդրի` տեխնիկական աջակցության եւ պլանավորման առումով:





























