«Ժողովուրդը» հրճված է ընտրություններում տարած իր «փայլուն հաղթանակով»՝ նրան հաջողվել է «չոքըցնել», «կզըցնել» եւ նման այլ բազմաթիվ գործողություններ անել Փաշինյանի բոլոր «չուզողներին», այդ թվում՝ նզովյալ մտավորականներին: Այս մասին իր հոդվածում գրել է «Առավոտ» օրաթերթի գլխավոր  խմբագիր Արամ Աբրահամյանը:

«Ժողովուրդը» կարող է ուրախանալ, թմբուկ զարկել, տալ վարչապետին «պողպատե մանդատը», «արդարադատության սուրը», որպեսզի նա իրականացնի վենդետա, վեթինգ, լյուստրացիա եւ այլն: Շնորհավորում եմ բոլոր ուրախացողներին: Սա իրականության «պայծառ» կողմն է: Հիմա դառնանք «ստվերային կողմին»: Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում գտնվում են առնվազն 1000 ադրբեջանցի զինծառայողներ: Նրանք հեռացա՞ն «ժողովրդի հաղթանակի» հետեւանքով: Բաքվում ծանրագույն հոդվածներով դատվում են մեր ռազմագերիները: Նրանք վերադարձա՞ն Հայաստան՝ մեր երկրում «վատ» մարդկանց «կզըցնելու» շնորհիվ: Հասկանում եմ, որ «ժողովրդին» այդ հարցերը չեն հետաքրքրում: Համենայնդեպս՝ արձանագրեմ պատմության համար: Իրական կյանքով հետաքրքրվող ընթերցողներին հիշեցնեմ նաեւ, որ Ռուսաստանի նախագահ Պուտինն այս շաբաթվա ընթացքում ակտիվ շփումներ է ունեցել Ալիեւի եւ Էրդողանի հետ: Հասկանալի է, որ նրանց խոսակցությունների առանցքային թեման էին Հայաստանի հետ կապված խնդիրները: Այդ առիթով պարզապես թվարկեմ, թե ինչ են Թուրքիան եւ Ադրբեջանը մեզանից՝ որպես պատերազմում պարտված կողմ, պահանջում: Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը, որը ենթադրում է Արցախի ճանաչումը` որպես այդ երկրի անբաժանելի մաս, Թուրքիայի ամբողջականության ճանաչումը՝ Կարսի պայմանագրի վերահաստատմամբ, միջանցք այդ երկու երկրների միջեւ՝ Հայաստանի Սյունիքի մարզով, որը չի վերահսկվի մեր կողմից, միջազգային ատյաններում եւ միջազգային հարաբերություններում Ցեղասպանության խնդրի հետապնդումից հրաժարվելը:

Ռուսաստանը, որքան հասկանում եմ, դեմ չէ այդ պահանջներին եւ ակտիվ միջնորդական ջանքեր է կիրառում՝ այդ ծրագրերն իրականացնելու համար՝ գուցե սեփական ինչ-որ շտկումներով եւ հավելումներով: Չգիտեմ, թե որքանով է Հայաստանը ներգրավված այս ամբողջ գործընթացի մեջ. վստահաբար կարելի է ասել, որ մեր երկրի խաղաթղթերն այս առումով վատն են՝ մեր բանակն ի վիճակի չէ պաշտպանել Հայաստանի սահմանները, եւ դրա համար պետք է հատուկ շնորհակալություն ասել «հաղթած ժողովրդի» իշխանությանը:

Մյուս կողմից՝ պարզ է, որ պետք է խաղալ նաեւ վատ խաղաքարտերով: Դրա համար նախեւառաջ պետք է ունենալ արտգործնախարարություն, ու, բացի այդ, պետության առաջին դեմքը պետք է հաշվի նստի այդ կառույցում աշխատող մասնագետների հետ: Բայց մի՛ մոռացեք՝ բոլոր տեսակի մասնագետներն ու «փտած աչկարիկները» այս ընտրություններում պարտվել են «ժողովրդին», եւ ստացվում է, որ նրանց կարծիքը կարելի է եւ չհարցնել: