«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ, հայտարարում է Դրոշին հավատարմության խոստման մրցույթ, որի նպատակն է, հատկապես պատանիների ու երիտասարդների շրջանում, պետականության խորհրդանիշների կարևորությանը հնչեղություն հաղորդելը։
Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ Մրցույթի մրցանակային ֆոնդն է 1․000․000 ՀՀ դրամ (ներառյալ՝ բոլոր հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները), որը կբաշխվի չափածո և արձակ անվանակարգերում լավագույն տարբերակներ առաջարկած հեղինակների միջև: Յուրաքանչյուր անվանակարգում հաղթող է ճանաչվելու թեմային առնչվող լավագույն ու ազդեցիկ բովանդակությամբ տարբերակը։
Մրցույթին կարող են մասնակցել ցանկացած տարիքի և մասնագիտության անձինք։ Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը 3 տարբերակ: Ներկայացվող տեքստը պետք է լինի հայերեն, պարունակի առավելագույնը 500 նիշ (առանց բացատների), լինի հեղինակային և չպարունակի առկա գրականության (այլ հեղինակների ստեղծագործությունների) ակնհայտ կրկնվող տարրեր։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021թ-ի օգոստոսի 25-ը, ժամը 23։59 (Երևանի ժամանակով) ներառյալ։
Մրցույթի մանրամասներն ու մասնակցության հայտաձևը հասանելի են այստեղ:
«Որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորում, ՁԻՀ-ը մեծ նշանակություն է տալիս նաև նման նախաձեռնությունների իրականացմանը, որոնք ուղղված են ինքնիշխանության, պետականաշինության ու պետական խորհրդանիշների հանդեպ մեծարման մշակույթի ձևավորմանն ու ամրապնդմանը։ Խիստ կարեւորում ենք ապագայի տեխնոլոգիական հմտություններ ու գիտելիքներ ստացող երիտասարդների մոտ հայրենիքի շենացման ու առաջընթացի ապահովման գործին մասնակցության պարտավորվածության ու նվիրումի կայուն զգացողության ձեւավորումը»,- նշում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Մրցույթի գնահատման գործընթացում կներգրավվեն տարբեր ոլորտների փորձառու և պատկառելի մասնագետներ:
«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է: Այն հիմնադրվել է 2002թ-ին և աջակցում է Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճին՝ ստեղծելով նպաստավոր միջավայր նորարարության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման և ընկերությունների ընդլայնման համար:





























