Չինական Xiaomi ըկերությունը այս տարվա երկրորդ եռամսյակում առաջին անգամ զբաղեցրել է երկրորդ տեղը սմարթֆոնների վաճառքի համաշխարհային առաջատարների ցուցակում, գրում է Forbes-ը՝ հղում կատարելով Canalys հետազոտական ընկերությանը։
Ցուցակը գլխավորել է հարավկորեական Samsung-ը՝ 19 տոկոս։ Xiaomi-ն՝ 17 տոկոս։ Ընկերությունը երրորդ տեղ է մղել Apple-ին, որի բաժինը կազմել է 14 տոկոս։
«Xiaomi-ն արագ ընդլայնում է իր բիզնեսն արտասահմանում»,- ասել է Canalys հետազոտությունների ղեկավար Բեն Սթենթոնը։ Նա նշել է, որ ընկերության մատակարարումների ծավալը Լատինական Ամերիկա ավելացել է ավելի քան 300 տոկոսով, Աֆրիկա՝ 150, Արեւմտյան Եվրոպա՝ 50 տոկոսով։ Ընդ որում՝ նրա խոսքով, Xiaomi-ի սահմանած միջին գները մոտ 40 տոկոսով ցածր են, քան Samsung-ինը, 75 տոկոսով ցածր, քան Apple-ինը։ Ուստի, այս տարի ընկերության համար առաջնահերթ է թանկ սարքերի վաճառքի ավելացումը, ինչպիսին է Mi 11 Ultra-ն, նշել է վերլուծաբանը։
Երկրորդ եռամսյակը սովորաբար ամենահանգիստն է Apple-ի եւ Samsung-ի համար, քանի որ երկու ընկերությունները պատրաստվում են թողարկել նոր սմարթֆոններ առաջիկա ամիսներին, նշում է Bloomberg-ը։ Apple-ն այս տարի պատվիրել է 90 մլն նոր սերնդի iPhone, 20 տոկոսով ավելի, քան սովորաբար պատվիրում էր վերջին տարիներին, ասել են գործակալության աղբյուրները։
2020թ. երկրորդ եռամսյակում սմարթֆոնների վաճառքի գծով համաշխարհային առաջատարն առաջին անգամ դարձավ չինական Huawei ընկերությունը։ Սակայն ամերիկյան պատժամիջոցները նրան կտրեցին չիփերի անհրաժեշտ մատակարարումներից, գրում է Bloomberg-ը։ Սա չինական մյուս ընկերություններին մղեց այն բանին, որ ակտիվորեն միջոցներ ծախսեն նոր մշակումների վրա։ Xiaomi-ն հատկապես ակտիվ էր եւ երկու նոր դեւայս թողարկեց այս տարվա առաջին չորս ամսում։





























