Նկարիչ եւ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հեղինակ Լարս Վիլքսը մահացել է Շվեդիայի հարավում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, մահացել են նաեւ նրան հսկող երկու ոստիկանները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վթարը տեղի է ունեցել կիրակի կեսօրին E4 ճանապարհին՝ Մարկարիդ քաղաքի մոտակայքում: Ավտոմեքենան, որով ընթանում էր նկարիչը, բախվել է բեռնատարին, արդյունքում երկու ավտոմեքենաներն էլ այրվել են: Տեղի ոստիկանության ներկայացուցիչը բացառել է այն վարկածը, որ տեղի ունեցածը կարող է չարամիտ գործողությունների արդյունք լինել: «Եթե դա այդպես լիներ, հետաքննությունն այլ ուղղությամբ կընթանար... Քանի որ միջադեպում ներգրավված էին երկու ոստիկան, հետաքննությունը վստահվել է դատախազության հատուկ բաժնին»,- ասել է գործակալության աղբյուրը:
Շվեդական ԶԼՄ-ները Լարս Վիլքսի մասին սկսեցին գրել այն բանից հետո, երբ 2007-ի ամռան վերջին Շվեդիայի Nerikes Allehanda թերթերից մեկի կողմից տպագրվեց Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը: Այդ հրապարակումից հետո Լարս Վիլկսը գտնվում էր ոստիկանության պաշտպանության ներքո, քանի որ նրա հասցեին սկսեցին սպառնալիքներ հնչեցվել:
Լարս Վիլքսի շուրջ ստեղծված իրավիճակը սկանդալի արձագանքը դարձավ, որը բռնկվել էր 2005-ին դանիական Jyllands-Posten թերթում Մուհամեդ մարգարեի` այլ նկարչի կողմից նկարված ծաղրանկարների հրապարակումից հետո, որոնք բողոքի ալիք բարձրացրեցին մահմեդական աշխարհում:





























