Համաշխարհային սոցիալական Facebook ցանցում տեղադրվել է տեսանյութ, որտեղ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նորընտիր նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցական մի հավաքի ժամանակ Էրդողանի մասին անեկդոտ է պատմում, որի իմաստը Էրդողանի շատ սուտ խոսելն է:

Հայտնի Facebook-ում դիտումների քանակով ռեկորդ սահմանած տեսանյութում Քեմալ Քըլըչդարօղլուն պատմել է հետեւյալ անկեդոտը. "Մի մարդ մահանում է եւ մեկնում այն աշխարհ: Մարդը տեսնելով, որ շուրջ բոլորը հազարավոր ժամացույցներ են դրված` հարցնում է իրեն դիմավորողին, թե ի՞նչ են նշանակում այդ ժամացույցները: Մարդուն բացատրում են, որ դա մահացած մարդկանց ժամացույցներն են եւ ամեն մարդ իր կյանքում որքան սուտ խոսել է, այնքան արագ են պտտվում ժամացույցի սլաքները: Հանգուցյալին հետաքրքրում է մի ժամացույց, որի սլաքը կանգնած էր ուղիղ 12-ի վրա, եւ նրան ասում են, որ դա Քեմալ Աթաթուրքի ժամացույցն է, եւ քանի որ վերջինս կյանքում սուտ չի ասել, իր ժամացույցի սլաքները միշտ 12-ի վրա են: Զարմացած մարդը հարցնում է. «Մեր երկրում մի առաջնորդ կար, անունը` Ռեջեփ Թայիփ Էրդողան, նրա ժամացույցը ո՞րն է»: «Էրդողանի ժամացույցը մահվան հրեշտակը տարել է դժոխք, որտեղ որպես օդափոխիչ (վենտիլյատոր) են օգտագործում»,- պատասխանում են նրան:

Նշենք, որ տեսանյութում Քեմալ Քըլըչդարօղլուի կողմից պատմած անեկդոտի վերջում ամբողջ սրահը պայթում է ծիծաղից, այդ թվում` լրագրողներն ու օպերատորները: