Ներկայիս էներգետիկ ճգնաժամի ընթացքում ածուխից «կեղտոտ էներգիայի» օգտագործմանը վերադառնալը «հիմար քայլ» է, շուկաները պետք է օգտվեն էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցնելու հնարավորությունից: Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը:

Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ճգնաժամից հետո այս տարի արդյունաբերության վերականգնումը հանգեցրել է էներգակիրների պահանջարկի եւ գների համատարած աճի: Եվրոպայում գազի մեծածախ գների բարձրացումն ավելի շատ կոմունալ ծառայությունների է ստիպել անցնել ածուխի՝ էլեկտրաէներգիայի արտադրության համար, մինչդեռ դաշինքը փորձում է համոզել երկրներին հրաժարվել բարձր աղտոտում առաջացնող վառելիքներից: Ասիայում ածուխի պահանջարկը հսկա շուկաներից, ինչպիսիք են Չինաստանը եւ Հնդկաստանը, կտրուկ աճել է, քանի որ նրանց տնտեսությունները համավարակի հետեւանքով առաջացած ծանր անկումից հետո վերսկսել են աշխատանքը:

«Ողբերգություն կլինի, եթե այս ճգնաժամի պայմաններում նորից սկսենք ներդրումներ կատարել ածխի մեջ, որը էներգակիր է, որն ապագա չունի եւ չափազանց աղտոտում է շրջակա միջավայրը»,- Reuters-ին ասել է Ֆրանս Թիմերմանսը: «Էներգետիկ ճգնաժամի ընթացքում խելամիտ է հնարավորինս շուտ նվազեցնել կախվածությունը հանածո վառելիքից»,- հավելել է նա՝ նշելով, որ էներգիայի վերականգնվող աղբյուրների գները անփոփոխ ցածր են մնացել, իսկ ածխի գները կտրուկ աճել են:

Ածխի համաշխարհային գները հասել են ռեկորդային առավելագույնի, իսկ ջերմային ածուխի խոշորագույն արտահանող Ինդոնեզիան բարձրացրել է 2021 թվականի արտադրության պլանը՝ պահանջարկը բավարարելու համար, քանի որ հանքարդյունաբերական աշխատանքները խաթարվել են հորդառատ անձրեւների պատճառով:

Ածուխը Ինդոնեզիայի պաշտոնյաների հետ Թիմերմանսի քննարկման մի մասն է եղել՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ հաջորդ ամիս Գլազգոյում կայանալիք COP26 բանակցություններից առաջ:

Ինդոնեզիան, որն աշխարհում ջերմոցային գազերի արտանետումների ութերորդ խոշոր աղբյուրն է, նպատակ ունի մինչեւ 2060 թվականը կամ ավելի վաղ հասնել ածխածնի զրոյական արտանետումների, ներառյալ ածուխով աշխատող էլեկտրակայանների փուլային դադարեցման ծրագրերը: