Եվրամիության երկրներին չի հաջողվել համաձայնության գալ էներգակիրների գների աճին միասնական արձագանքի շուրջ, հաղորդում է Reuters-ը։

Գազի եվրոպական գներն այս աշնանը հասել են պատմական առավելագույնին եւ մնում են բարձր՝ դրդելով ԵՄ երկրների մեծամասնությանը շտապ միջոցներ ձեռնարկել, ինչպիսիք են գնային շեմերը եւ սուբսիդիաները՝ սպառողների էլեկտրաէներգիայի վարձերը կրճատելու համար:

Այնուամենայնիվ, երկրները դժվարանում են համաձայնության գալ   գների տատանումները մեղմելու ավելի երկարաժամկետ ծրագրի շուրջ։ Իսպանիան, Ֆրանսիան, Չեխիան եւ Հունաստանը պահանջում են ավելի լուրջ վերանայում ԵՄ էներգետիկ շուկաներում: «Չկա համաձայնեցված դիրքորոշում ԵՄ մակարդակով միջամտության միջոցներ ձեռնարկելու եւ բոլոր անդամ երկրներում դրանք կիրառելու վերաբերյալ»,-հանդիպումից հետո ասել է Սլովենիայի ենթակառուցվածքների նախարար Էռնեյ Վրտովեցը:

Իսպանիան կողմ է ԵՄ երկրների կողմից գազի համատեղ գնումներին եւ առաջարկել է, որ առանձին երկրներ հնարավորություն ունենան հրաժարվել ԵՄ էլեկտրաէներգիայի գնագոյացման համակարգից։ Այս առաջարկները հանդիպել են այլ երկրների դիմադրությանը, որոնք վախենում են ԵՄ էներգետիկ օրենսդրության վերանայումից՝ ի պատասխան այն բանի, ինչ նրանք անվանում են կարճաժամկետ գնային ճգնաժամ: Ինը երկրներ, այդ թվում՝ Գերմանիան՝ Եվրոպայի ամենամեծ տնտեսությունը եւ էլեկտրաէներգիայի շուկան, հանդիպումից առաջ համատեղ հայտարարություն են տարածել՝ ասելով, որ չեն աջակցի ԵՄ էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներին:

«Սա միջոց չի լինի հանածո վառելիքի շուկաների հետ կապված էներգակիրների գների ներկայիս աճը մեղմելու համար»,-հայտնել են նրանք: Եվրահանձնաժողովը վերլուծում է էլեկտրաէներգիայի եվրոպական շուկայի կառուցվածքը եւ ապացույցներ է հավաքում գազի մատակարարների վարքագծի վերաբերյալ այն բանից հետո, երբ որոշ երկրներ մեղադրեցին ռուսական «Գազպրոմին» գների բարձրացման նպատակով շուկան մանիպուլացնելու մեջ։ Հանձնաժողովը կգնահատի նաև ԵՄ երկրների կողմից գազի համատեղ գնումների դրական եւ բացասական կողմերը։

«Կան շատ հարցեր, որոնք պետք է դիտարկել՝ ով է վճարելու գազի գնման եւ պահպանման ծախսերը, ինչպես է գազը տեղափոխելու տարբեր տարածաշրջաններից»,- ասել է ԵՄ էներգետիկայի հանձնակատար Քադրի Սիմսոնը: Լյուքսեմբուրգի էներգետիկայի նախարար Կլոդ Տյուրմեսն ասել է, որ Իսպանիան «չափազանց շատ բան է խոստացել՝ ասելով, որ գազի համատեղ գնումները կլուծեն ճգնաժամը»: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը անցյալ շաբաթ կոչ է արել բանակցություններ վարել կլիմայի փոփոխության դեմ պայքարի նոր քաղաքականությունների շուրջ, ներառյալ հանածո վառելիքի վրա հարկային դրույքաչափերը: