Apple-ը կրկին աշխարհում երկրորդ խոշորագույն սմարթֆոն արտադրողն է: IDC-ի տվյալներով` Կուպերտինոյում գտնվող ընկերությունը երրորդ եռամսյակում մատակարարել է 50.4 միլիոն սմարթֆոն, հայտնում է 3dnews.ru-ն՝ վկայակոչելով phonearena.com-ը։

Սա 6.1 միլիոնով ավելի է Xiaomi-ից, որը նախկինում զբաղեցնում էր երկրորդ տեղը։ Առաջին տեղը շարունակում է պահպանել Samsung-ը, որը տարվա երրորդ եռամսյակում 18.6 միլիոնով ավելի շատ սմարթֆոն է մատակարարել, քան Apple-ը։

Վերջին տվյալները ցույց են տալիս, որ iPhone-ի մատակարարումները տարեկան կտրվածքով աճել են 20.8 տոկոսով: Այս ցուցանիշը Apple-ին դարձնում է սմարթֆոնների ամենաարագ զարգացող արտադրողը լավագույն հնգյակում: Օրինակ՝ Samsung-ի մատակարարումները նվազել են 14.2 տոկոսով, իսկ Xiaomi-ի մատակարարումները տարեկան կտրվածքով նվազել են 4.6 տոկոսով: Samsung-ի եւ Xiaomi-ի դիրքերի կորուստը կարելի է վերագրել կիսահաղորդիչների գլոբալ դեֆիցիտի հետ, որն ազդել է բոլոր առանցքային ոլորտների վրա։ Համաշխարհային շուկայում սմարթֆոնների վաճառքը նախորդ տարվա համեմատ նվազել է 6.7 տոկոսով։

Սակայն ճգնաժամն ազդել է նաեւ Apple-ի վրա։ Այս պահին iPhone 13 սմարթֆոնների մատակարարման ժամկետը զգալիորեն ավելացել է։ Սպառողները, ովքեր այժմ պատվիրում են սարքը, կստանան այն միայն նոյեմբերի վերջին կամ նույնիսկ դեկտեմբերին։ Սա դանդաղեցնում է iPhone-ի վաճառքը եւ թույլ չի տալիս Apple-ին առաջ անցնել Samsung-ից՝ որպես սմարթֆոնների թիվ մեկ արտադրող: Սակայն նման սցենարը հնարավոր է, եթե Apple-ը հաջորդ տարի կարողանա ապահովել չիպերի մեծ պաշարներ։ Ոլորտի փորձագետների կանխատեսումների համաձայն՝ կիսահաղորդիչների պակասը կարող է տեւել մինչև հաջորդ տարվա վերջ։

Հարկ է նշել, որ այս պահին սմարթֆոնների շուկայում թեժ պայքար է ընթանում Vivo-ի եւ Oppo-ի միջեւ։ Երկու չինական ընկերությունները երրորդ եռամսյակում առաքել են մոտ 33.3 միլիոն սմարթֆոն՝ այդպիսով հավասարապե կիսում են չորրորդ տեղը: Vivo-ն 5.8 տոկոս աճ է գրանցել, իսկ Oppo-ի առաքումները տարեկան կտրվածքով աճել են 8.6 տոկոսով: 2021 թվականին առաքված սմարթֆոնների ընդհանուր թիվը ներկայումս 331.2 միլիոն է կազմում։