WhatsApp մեսենջերը դադարել է աշխատել սմարթֆոնների որոշ հնացած մոդելներում։ Ինչպես հաղորդվում է հավելվածի կայքում, Android 4.1-ից եւ iOS 10-ից ցածր տարբերակներով գաջեթներն այլեւս չեն աջակցվում:

Նոր պահանջն ուժի մեջ է մտել նոյեմբերի 1-ից։ Ռուսաստանցիների շրջանում տարածված հաղորդագրությունների հավելվածը կդադարի գործել սմարթֆոնների 43 մոդելներում։ Դա վերաբերում է Ռուսաստանի ներսում մոտ 10 000 սմարթֆոնների, հայտնել է SafeNet NTI ինժեներական կենտրոնի փորձագետ Իգոր Բեդերովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ WhatsApp-ում կլինեն նորամուծություններ, որոնք կպարզեցնեն մեսենջերի օգտագործումը մի քանի սարքերում։ Այս հնարավորություններից մի քանիսը վաղուց արդեն հասանելի են միայն բջջային տարբերակներում:

WhatsApp-ում պարբերաբար ներդրվում են նոր գործառույթներ: Հոկտեմբերին ընկերությունը հաստատել է, որ iOS-ով եւ Android-ով սարքերի օգտատերերի համար հասանելի է չատերի պահուստային կրկնօրինակների միջանցիկ կոդավորում: