44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 39-րդ՝  նոյեմբերի 4

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ դիմել է ՍԴ՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով: Ա.Թաթոյանը թվարկել է այն խնդիրները, որոնք հանգեցնում են երկրում հայտարարված ռազմական դրության իրավաչափ նպատակներից չբխող սահմանափակումների։

Իտալիայում ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ Լոմբարդիան Իտալիայի առաջին տարածաշրջանն է, որ ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ «Շնորհակալություն, Լոմբարդիա, միշտ առաջամարտիկ, միշտ ուժեղ, միշտ հավատարիմ համընդհանուր արժեքներին»,- նշվել է դեսպանատան հաղորդագրությունում։

Քննչական կոմիտեն հրապարակել է հատված վարձկան Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիի հարցաքննությունից։ Նրան մեղադրանք է առաջադրվել, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարձկան Ալ Հաջիի հարցաքննության տեսանյութն է տեղադրել իր էջում եւ գրել.

«Հավաքագրվել է Սիրիայում, տեղափոխվել Թուրքիա, այնտեղից Ադրբեջան։ Գերեվարված երկրորդ վարձկանի վկայությունը»։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքում գրել է.

«Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից «Սմերչ» կայանքի կասետային ռումբերով վերստին թիրախավորվել են Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես հարվածներ են հասցվել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Կան տուժածներ: Ադրբեջանի ԶՈւ գործողությունները  ևս մեկ անգամ ցույց են տալիս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նպատակը՝ առավելագույն զոհեր հասցնել Արցախի քաղաքացիական բնակչությանը, հատկապես առաջնագծից հեռու գտնվող կանանց և երեխաներին: Սա պետական ահաբեկչության հերթական դրսևորում է, որն իրականացվում է մի պետության կողմից, որը Թուրքիայի ջանքերով արդեն իսկ դարձել է Հվ. Կովկասում միջազգային ահաբեկիչների և գրոհայինների կուտակման կենտրոն: Արձանագրում ենք, որ Արցախի ժողովրդի համար ստեղծված գոյութենական վտանգների պայմաններում Արցախի իշխանությունները և ՊԲ-ն ունեն սեփական բնակչությունը պաշտպանելու և թշնամուն հակահարված տալու անքակտելի իրավունք»:

«Զինուժ» մեդիայի տեսանյութը պատմում է, որ Ադրբեջանի դատախազությունը հերթական անհեթեթ քրեական գործն է հարուցել «Ողջ մնալու արվեստը» ՀԿ-ի նկատմամբ: ՀԿ-ն Ադրբեջանի Դատախազությունը որոշել է ներկայացնել որպես ահաբեկչական կազմակերպություն, մինչդեռ ՀԿ-ի ղեկավար, հետախույզ Վովա Վարդանովի եւ նրա ընկերների նպատակն էր փոխանցել գիտելիքներ եւ հմտություններ դիմակայելու առումով:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի նախաձեռնած «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» ծրագրի մասնակիցների, ԵՄ գործող և նախկին պատգամավորների, օտարերկրյա լրագրողների պատվիրակությանը։ Զ.Մնացականյանն իրազեկել է Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքի վերաբերյալ, խոսել Թուրքիայի ապակայունացնող դերակատարության, Մերձավոր Արևելքից զինյալ ահաբեկիչներ բերելու մասին:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի խուսափելն իր ստանձնած պարտավորությունների կատարումից ևս մեկ անգամ փաստում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու Մինսկի խմբի համանախագահության անկարողության մասին: Նախարարն ընդգծել է. «Սա ազատության համար մղվող պատերազմ է: Մենք պետք է մեր հայրենակիցների արյունը փոխհատուցենք ազատությամբ»:

Իշխանությունը փոխհատուցե՞լ է, թե՞՝ ոչ՝ առանց մեկնաբանության։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում գրել է.

«Շուշիի ուղղությամբ իրականացվում են հակառակորդի հայտնաբերված խմբի շրջափակման և ոչնչացման գործողություններ»:

Հիշեցնենք, որ Շուշիի անկմանը մնացել էր 1 օր։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում բառացի գրել է.

«Ոնց որ մարդ կա ձեռքը կտրվում է»:

Ու՞մ մասին է գրել Ա.Հովհաննիսյանը՝ լայն հանրությանը հայտնի չէ մինչեւ օրս, եւ անբավարար են «բացատրությունները», թե՝ «ով պետք է՝ հասկացավ»։ Որքանո՞վ է ծանրակշիռ իր էջում գրեթե միլիոն հետեւորդ ունեցող եւ ՊՆ ներկայացուցիչ հորջորջումով հանդես եկող զինվորականի համար նման գրառումը, երբ հենց սա էր համարվում «պաշտոնական հաղորդագրություն», ռազմաճակատից իրականությունը հաղորդողներն էլ խոշոր տուգանքների տակ էին ընկնում։

Արցախի ՊԲ-ից հայտնել են, որ գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում.

«Թշնամին շարունակել է, բացի պաշտպանության բանակի դիրքերից, հրթիռահրետանային կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:

Կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ սակայն, հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել: Ներկա պահին հայտնաբերված թշնամական խմբի շրջափակման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկում են ՊԲ ստորաբաժանումները»:

«Կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել», «թշնամական խմբի շրջափակման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են» կամ «ամբողջ երկայնքով վերահսկում են ՊԲ»... Մինչդեռ Շուշիի անկմանը հաշված ժամեր էին մնացել։

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնել են, որ կեսգիշերից հետո թշնամին վերսկսել է խաղաղ բնակավայրերի հրետակոծելը.

«Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ կան»:

ԱՄՆ հայերը բողոքի ցույց են անցկացրել ադրբեջանամետ «BGR Group» լոբբիստական ընկերության դիմաց՝ պահանջելով խզել կապերն Ադրբեջանի հետ, բողոքելով Արցախում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները կոծկելու համար: Հավաքվածները պաստառներ են բարձրացրել, որոնց վրա գրված էր՝ «BGR-ը ֆինանսավորում է պատերազմական հանցագործությունները», «Կանգնեցրեք Ալիևի ռեժիմին», ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները:

«Զինուժ մեդիան» տեսանյութ է պատրաստել գնդերեց Նարեկ Պետրոսյանի մասին, որը զոհվել է Արցախում:

«Աշխատասեր ասելը քիչ է Նարեկի համար, որովհետեւ զոռով էինք հանում իր աշխատասենյակից: Հոգեւոր առաջնորդության ամբողջ արխիվը սկսած 1997 թվականից ինքն էր կարգավորում»,- նշել է Երեւանի կայազորի ավագ գնդերեց Տեր Ենովք քահանա Եսայանը: ՊԲ ավագ գնդերեց Գոռ սարկավագ Գյուրջյանն էլ ասել է. «Պատերազմի հենց առաջին օրից եկավ այնտեղ՝ լինելու իմ կողքին, բոլոր գնդերեցների կողքին: Մոտակայքից սագեր էր որսացել, դրանով խորոված էր սարքել զինվորների համար: Առավոտը 7-ից մինչեւ ժամը 2-ը 5 սագը մարմանդ կրակի վրա խորովեց, որ ծուխը չերեւա, թշնամին չտեսնի»:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում գրել է.

«Հարավային ուղղությամբ ժամը 10:30-ի սահմաններում խոցվել է հակառակորդի գրոհող երեք տանկ»:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսել էր գերեվարված 3 վարձկանի մասին։ Ավելի ուշ նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը Ֆեյսբուքում գրեց.

«Նախարարը, լրագրողների հետ ճեպազրույցում, շփոթմունքի արդյունքում նշել է, որ այս պահին ունենք ձերբակալված սիրիացի երեք վարձկան։ Իրականում, ձերբակալված վարձկանների թիվը երկուսն է»:

Հիշեցնենք, որ այդ օրերին լրահոսում բազմաթիվ էին հաղորդագրությունները 2 վարձկանի գերեվարելու, նրանց հարցաքննության, մեղադրանք առաջադրելու, կալանավորման որոշման մասին։

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը լրագրողներին հայտնել է, որ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետեւանքով Արցախում առնվազն 46 քաղաքացիական անձ է զոհվել, 144-ը՝ վիրավորվել։ Նա պարզաբանել է, որ ասում է «առնվազն», քանի որ այդ պահին էլ բնակավայրերում ռազմական գործողություններ են ընթանում եւ, հնարավոր է, նրանց թիվն ավելի մեծ է։

ՄԻՊ-ի տվյալով՝ հրետակոծությունների հետեւանքով ավելի քանի 13 հազար 800 անշարժ մասնավոր գույք է վնասվել՝ հիմնականում բնակարաններ, տներ, ավելի քանի 3100 ենթակառուցվածք, հանրային նշանակության օբյեկտներ, արտադրական նշանակության օբյեկտներ։ Վնասվել է 61 դպրոց է 10 մանկապարտեզ։

ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի նախաձեռնած ծրագրով Հայաստանում գտնվող սփյուռքահայ գործիչների, ԵՄ գործող և նախկին պատգամավորների, օտարերկրյա լրագրողների պատվիրակությանն ընդունել է նաեւ  Հանրապետության նախագահը։

Արմեն Սարգսյանը հիմնավորել է, որ պատերազմը հայերը չեն սկսել.

«Քանի որ ինչպե՞ս կարող ես կառուցել դպրոց, հիվանդանոց, ճանապարհ, եկեղեցի, ապա պատերազմ սկսել: Սա տրամաբանական չէ: Ակնհայտ է, որ Ադրբեջանն է Թուրքիայի հետ սկսել պատերազմը»:

Խոսելով հայության համախմբվածության անհրաժեշտության մասին, նա ասել է, որ  հայկական կողմը 90-ականներին հաղթեց, քանի որ «մենք ունեինք մեկս մյուսին»։ 

Նա նաեւ շեշտել է, որ շատ վաղուց հնարավոր կլիներ հասնել հրադադարի, եթե չլիներ Թուրքիայի գործոնը։

Արդյո՞ք հայությունը 2020-ի աշնանը պակաս համախմբված էր, եւ արդյո՞ք հոկտեմբերի 7-ին եւ 19-ին չեն եղել պատերազմն ավարտելու առաջարկներ... Առանց մեկնաբանության։

Արցախի ՊԲ-ից հայտնել են, որ ժամը 10:30-ի սահմաններում, Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում թշնամական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել են հերթական հարձակումը:

«ՊԲ ստորաբաժանումները, անցնելով պաշտպանության, հստակորեն իրականացրել են առաջադրված մարտական խնդիրները և խոցելով հակառակորդի 3 տանկ կասեցրել վերջինիս հարձակումը: Ժամը 12:55-ի սահմաններում թշնամին նույն ուղղությամբ ձեռնարկել է հերթական հարձակումը և, կորցնելով ևս 2 տանկ ու 2 հետևակի մարտական մեքենա, դարձյալ հետ է շպրտվել ելման դիրքեր: Ճակատային գծի տվյալ հատվածում ներկա պահին մարտերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը»:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները. հակառակորդը կորցրել է 252 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 697 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ և ունի 7155 զոհ։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ բանաձեւում հրապարակված տվյալներով՝ պատերազմից հայկական կորուստները կազմել են 3900, ադրբեջանական կողմինը՝ 2900 մարդ։ Հնարավոր է, որ Բաքուն նվազեցրել է իր զոհերի թիվը, բնականաբար, հաշվառված չեն վարձկան ահաբեկիչները եւ թուրք զինվորականները։ ՊԲ զոհված զինծառայողների եւ հակառակորդի կորուստների ներկայացվող վիճակագրությամբ հանրությունը տպավորություն էր ստանում, որ Ադրբեջանի կորուստները մի քանի անգամ ավելի են։   Որոշ աղբյուրներ էլ (նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան եւ ուրիշներ) պնդում են` ադրբեջանական կողմից սպանվածների թիվը հասնում է մինչեւ 18 հազարի։

Նշենք նաեւ, որ արդեն մի քանի օր հայկական կողմի զոհվածների ցուցակներ չէին հրապարակվում։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նոյեմբերի 3-ին հետևել է ռուսական 5 առաջատար ԶԼՄ-ների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է ռուսական մեդիան լուսաբանել Ադրբեջանի սանձազերծած գործողությունները։ Մշտադիտարկվել են «Լենտա ռու», «Գազետա ռու», «Ռիա Նովոստի», «Ռեգնում», և «ՏԱՍՍ» կայքերը։

«Լենտա ռու»-ն հրապարակվել է 14 հոդված, որից 3-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներ են, 8-ը՝ հայկական կողմինը, 2-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ՝ չեզոք բնույթի:

«Գազետա ռու»-ն հրապարակել է 12 հոդված, որից 1-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումն է, 4-ը՝ հայկական կողմինը, 7-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 7 նյութից 4-ը՝ չեզոք, 3-ը՝ հայամետ, 0՝ ադրբեջանամետ։

«Ռիա Նովոստի»-ն հրապարակել է 40 հոդված, որից 16-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 18-ը՝ հայկական կողմինը, 6-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 6 նյութից 5-ը՝ չեզոք, 0՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։

«ՏԱՍՍ»-ը հրապարակել է 11 հոդված, որից 4-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 6-ը՝ հայկական կողմինը, 1-ը՝ հակամարտության վերաբերյալ չեզոք բնույթի նյութ:

«Ռեգնում»-ը հրապարակել է 24 հոդված, 5-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 11-ը՝ հայկական կողմինը, 8-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 8 նյութից 5-ը՝ չեզոք, 3-ը՝ հայամետ, 0՝ ադրբեջանամետ։

Եվրոպական ուսանողական միությունը (ԵՈւՄ) ընդունել է բանաձեւ, որով կոչ է արել ԵՄ երկրներին եւ եվրոպական հաստատություններին հստակ քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական ռեժիմի՝ Թուրքիայի աջակցությամբ սանձազերծած հարձակումը դատապարտելու եւ կանխելու համար։ Կառույցը կոչ է անում ձեռնարկել բոլոր միջոցները, որոնցով հնարավոր կլինի տարածաշրջանում անհապաղ խաղաղություն երաշխավորել՝ կանխելով Արցախի ժողովրդի էթնիկ զտումները։

Politik.am-ը գրել է, որ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսն ամիսներ առաջ հոդված էր հրապարակել, որով առաջարկել էր արեւմտյան երկրներին աջակցել Թուրքիային՝ Ռուսաստանի դեմ պայքարում։

«Քաղաքական որոշ շրջանակներ կարծում են, որ նույն տրամաբանությամբ Սորոսը օգնում է Թուրքիային նաեւ Արցախում տեղի ունեցող զարգացումների մասով։ Օրերս քրդալեզու «ՌոժՆյուզ» լրատվականը հրապարակել է մի հոդված, ըստ որի ամերիկացի միլիադրատեր Ջորջ Սորոսն ուղիղ աջակցություն է ցուցաբերում նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին»։

Հիշեցնենք, որ Հայաստանում գործում են Սորոսի հիմնադրամի ֆինանսավորմամբ գործող բազմաթիվ ՀԿ-ներ։

ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը ԱԺ-ում լրագրողներին հայտնել է, որ ՀՔԾ-ում կազմավորված ջոկատը ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի գլխավորությամբ մեկնել է ռազմական գործողությունների կետերից մեկը:

Ի՞նչ մարտերի է մասնակցել Սասուն Խաչատրյանի գլխավորած ջոկատը՝ լայն հանրությանը հայտնի չէ։ Հիշեցնենք, որ Շուշիի անկման համար վարչապետ Ն.Փաշինյանն ավելի ուշ մեղադրելու էր Ա.Վանեցյանի եւ Գ.Ծառուկյանի ջոկատներին։

Արցախի ՊԲ-ից հայտնել են, որ հայկական ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթանում են որոնողական գործողություններ: Դրանով պայմանավորված՝ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքում, ըստ որի եզդիների 2-րդ ջոկատն է շարժվում առաջնագիծ:

«Բոլորիդ գրկում եմ, դուք եք մեր պաշտպանները: Մենք ուրիշ տարբերակ չունենք, միակ տարբերակը էդ խուժաններին սատկացնելն է: Ու վստահ եմ, որ սատկացնելու եք ու նոր եք վերադառնալու»,- տեսանյութում ասում էր նա:

Կրոնական միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ ռուսական կողմն իրենից կախված ամեն ինչ անում է եւ կանի Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար, որպեսզի մարդկանց կյանքերը փրկվեն, որոնք մեկը մյուսի դեմ են կանգնած ինքնաձիգների, հրացանների նշանառության տակ եւ միմյանց դեմ զենք են օգտագործում։ Նա վստահ է, որ Ղարաբաղում հակամարտության կողմերի հետապնդած նպատակներին կարելի է հասնել նաեւ խաղաղ ճանապարհով։

Նույն հանդիպմանը Վ.Պուտինն ասել է, որ ռուսական կողմը «կապ է պահպանում ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ»։

«Հուսով եմ, որ մեզ կհաջողվի արդյունքի հասնել․․․ այն հիմքով, որը կբավարարեր տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց, ընդ որում՝ դրան հասնել խաղաղ միջոցներով»,- ամփոփել է ՌԴ նախագահը։

ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, հայտարարել է, որ  հակառակորդը մտադիր է որքան հնարավոր է մեծ վնաս հասցնել, առաջին հերթին՝ խաղաղ բնակավայրերին: Ըստ նրա՝ ավելացել է վայրագություն եւ խոշտանգումներ պարունակող տեսանյութերի թիվը, որոնք հակառակորդն ուղարկում է հայ օգտատերերին, եւ տվյալ գործողությունները կազմակերպված բնույթ են կրում: 

Արման Թաթոյանը հայտնել է նաեւ, որ Արցախի հայերի նկատմամբ Բաքվի իրականացրած էթնիկ զտումների ապացույցներն ուղարկվել են ՄԱԿ, ՄԻԵԴ եւ միջազգային այլ կազմակերպություններ:

«Կան ապացույցներ, որ Ադրբեջանի կողմից օգտագործվող վարձկան ահաբեկիչները պատրաստ են շարունակել իրենց գործողությունները նաեւ այլ երկրներում: Տեսանյութերից մեկում զինյալը՝ մեծ քանակությամբ զենքի կողքը կանգնած, ասում է. «Ցավոք, մենք նման զենքեր չունեինք Սիրիայում, դրանք մեզ հետ կտանենք»»,- ասել է Ա.Թաթոյանը:

ՄԻ պաշտպանը լրագրողներին ասել է, որ ադրբեջանցիների տարածած տեսանյութեր կան, թե ինչպես են անարգում մեր զինծառայողներին.

«Ադրբեջաներենից թարգմանությունը, համապատասխան ենթագրերով ներբեռնում ենք, դրանից բացի  ես ուղեկցող նամակում մեկնաբանություն եմ տալիս, մատնանշում ենք խախտումները եւ դրանով կոնկրետ ցույց ենք տալիս միջազգային կոնվենցիոն այն դրույթը, որին դա հակասում է: Մեր նպատակն է ցույց տալ դա որպես պատերազմական հանցագործություն:  Այդ նամակներն իրենք անհատապես ուղարկում են ԵԽԽՎ բոլոր պատգամավորներին, ԵԱՀԿ ԽՎ պատգամավորներին, Եվրախորհրդարանի պատգամավորներին, հայտնի լրատվամիջոցների աշխատակազմերին, միջազգային կառույցներին, նաեւ բոլոր դեսպանություններին, որոնք կան ՀՀ-ում: Ադրբեջանի իշխանությունները միջազգային հանրությանը ներկայացնում են, թե հետագայում խաղաղ կապրեն հայերի հետ: Բայց մենք տեսնում ենք, թե որքան շատ են ատելությունը, այդ հողի վրա կատարվող ոճիրները: Հայերի հետ խաղաղ ապրելը պատրանք է, որովհետեւ եթե անգամ մեկ ժամ էթնիկ հայը հայտնվի մեկ տանիքի տակ իրենց հետ, դրանից հետո անմտություն է խոսել կյանքի իրավունքից, առողջության իրավունքից»:

Արման Թաթոյանը հայտնել է, որ իրենք ապացուցել են, որ ադրբեջանցի միջազգային աշխատողները եւս ատելություն տարածում։

«Մենք դրանք հավաքագրել ենք եւ ուղարկելու ենք միջազգային կառույցների ղեկավարներին, որպեսզի իմանան՝ ինչի մասին է խոսքը, որպեսզի պատասխանատվության ենթարկելու միջոցներ ձեռնարկեն»,- ասել է ՀՀ ՄԻՊ-ը։

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ՈւԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեն ադրբեջանական «Գարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նուրլան Իբրահիմովին պատժել է ռասիստական ու այլ խտրականության դրսևորման համար. նա անորոշ ժամանակով զրկվել է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից։

Իբրահիմովը  սոցցանցերում գրել էր, թե պետք է սպանել բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց, ծերերին: ՈւԵՖԱ-ն նրան:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Շուշիի հարակից տարածքներում ադրբեջանավարձկան ջոկատների ոչնչացման ռազմագործողությունը անվանում ենք #գյոռբագյոռ։ Ընկերներ սա օգտագործեք»։

Ականատեսների վկայությամբ՝ Շուշիի համար մարտերում զոհվել են մեծ թվով հայ զինծառայողներ, պահեստազորայիններ ու կամավորներ։ Նշենք, որ «գյոռբագյոռ» ադրբեջաներեն արտահայտությունն էլ հետագայում դարձավ տարաբնույթ մեկնաբանությունների, քննադատության ու ծաղրի առարկա։ Շուշիի անկմանը հաշված ժամեր էին մնացել։

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի ընթացքում հայկական կողմի կրած վնասները. քաղաքացիական զոհերի թիվը 50 է, վիրավորներինը՝ 148: Հակառակորդի գործողություններից վնասվել է 19 հազար հասարակական նշանակության օբյեկտ՝ այդ թվում՝ շենք-շինություններ եւ գույք։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանին մասնակցել եւ ելույթով հանդես է եկել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նա ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետեւանքները՝ ուղեկցվող պատերազմի հանցագործություններով, մարդու իրավունքների եւ ԵԽ իրավապայմանագրային կարգի խախտումներով:

ԱԳՆ-ն տարածել է նստաշրջանին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը.

«Սեպտեմբերի վերջին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ` Թուրքիայի եւ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ, որն ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի խախտումներով` ուղղված Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը: Թուրքիայի կողմից Ադրբեջանում զինյալ ահաբեկիչների տեղակայումն այդ երկու երկրների կողմից ստորագրված ԵԽ առնվազն երեք կոնվենցիաների խախտում է: Տասնյակ հազարավոր մարդիկ` երեխաներ, կանայք, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, այժմ տեղահանված են, նրանց տները, ենթակառուցվածքները, կրոնական հաստատություններն՝ ավերված: Ադրբեջանի զինված ուժերի եւ իր ահաբեկիչ դաշնակիցների կողմից ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը եւ սպանությունը պատերազմական լուրջ հանցագործություններ են։ Այդ փաստն ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը, ով խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների արտադատական մահապատժի առնչությամբ։

Ավելին, Ադրբեջանի զինված ուժերը սպիտակ ֆոսֆորի կիրառմամբ հրդեհում են անտառները, ինչը հակասում է շրջակա միջավայրի պահպանման եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ վերջին շրջանում մեր գործադրած ջանքերին։ Արցախում առկա է հումանիտար ճգնաժամ, ինչպես ահազանգել է Գլխավոր քարտուղարը։

Մենք համակարծիք ենք, որ պետք է հաստատվի հրադադար։ Մենք մի քանի անգամ փորձ կատարեցինք, բայց Ադրբեջանը տապալեց բոլոր փորձերը: Մենք համակարծիք ենք, որ պետք է հրաժարվել ատելության խոսքից, սակայն մենք տասնամյակներ շարունակ ապրում ենք մեր հարեւաններից երկուսի կողմից հնչող ատելության հռետորաբանության պայմաններում: Դա հստակ կերպով արձանագրված է Եվրոպայի խորհրդի դիտորդական զեկույցներում: (...) Միջոցներ պետք է կիրառվեն՝ պարտադրելու Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողությունից, որոնք հանգեցնում են Արցախի քաղաքացիական բնակչության` Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտմանը։

Նախարարների կոմիտեին հորդորում եմ վճռորոշ քայլեր ձեռնարկել եւ արժանի լինել ԵԽ հիմնադիր հայրերի ժառանգությանը: Եվրոպայի խորհրդին անդամակցելիս Ադրբեջանը, ինչպես եւ Հայաստանը, պարտավորություն են ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: Ադրբեջանն այժմ խախտում է այդ հանձնառությունը եւ բացահայտ կերպով ընդունում, որ մտադիր է հակամարտությունը լուծել ուժի միջոցով: Կազմակերպությունը պետք է հասցեագրի այս խախտումը:

Բազմակողմանիությունը կոչված է եղել ապահովել գլոբալ խաղաղությունը։ Այսօր բազմակողմանիությունը ճգնաժամի մեջ է: Դրա ապագան կախված է յուրաքանչյուր պետության ավելի լայն միասնությունից, եւ դա է Եվրոպայի խորհրդի նպատակը: Այս հարցում մենք բոլորս ունենք պատասխանատվության մեր բաժինը եւ պետք է արագ գործենք: Հակառակը՝  ճգնաժամն է, Եվրոպայի Խորհրդի բարոյական ճգնաժամը եւ արժեքահամակարգի ճգնաժամը»:

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնել են, որ թշնամին դարձյալ հրետակոծել է Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ վիրավոր, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ։

«Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես է Արցախի ՊԲ-ն ոչնչացնում Շուշիի ուղղությամբ թշնամու գրոհի պատրաստվող խմբավորմանը։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում ժամը 20:00-ի սահմաններում ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի ԱԹՍ:

Շուշան Ստեփանյանը քիչ անց հայտնել է, որ Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 20:15-ի սահմաններում խոցել են հակառակորդի եւս մեկ ԱԹՍ:

ՀՀ ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են սահմանապահ զորքերը «նշանակալի հաջողություններ» գրանցում առաջնագծում։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը @wargonzo նախագծի ղեկավար, ռուս լրագրող Սեմյոն Պեգովի հետ զրույցում ասել է, որ Մարտունու վրա հարձակումը հետ են մղել Արցախի հերոսների զավակները: Նրա խոսքով՝ անցյալ պատերազմի դաշտային հայտնի հրամանատարների որդիները այսօր, ինչպես իրենց հայրերը, ոչ միայն պարզապես մարտնչում են ճակատում, այլեւ իրական սխրանքներ են գործում։ Ըստ նրա՝ նախօրեին Մարտունիում կասեցվել է լայնածավալ տանկային առաջխաղացումը:

«Բացի այդ, Արայիկ Հարությունյանն ակնարկել է, որ առաջիկայում ճակատից շատ հետաքրքիր լուրեր են սպասում մեզ բոլորիս: Իսկ հարցին, թե ինչու է նա վտանգում իր կյանքը` պարբերաբար մեկնելով առաջնագիծ, նախագահն այդպես էլ չպատասխանեց: Կարծես դա ինքնըստինքյան հասկանալի է, եւ այլ կերպ վարվել պարզապես անհնար է»,- գրել է լրագրողը:

Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ ժամը 21։00-ի սահմաններում Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է հակառակորդի երրորդ ԱԹՍ-ն:

Երեկոյան ավանդական ճեպազրույցում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ դեռ հստակ չի պարզվել, թե այս գիշեր Գեղարքունիքում թշնամու ինչպիսի անօդաչու սարքեր են խոցվել՝ հետախուզական, թե հարվածային:

Ըստ նրա՝ հայ-ադրբեջանական սահմանի այլ հատվածներում ոչ մի գործողություն տեղի չի ունեցել:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Բերձորի հատվածը փակ է մնում, Հովհաննիսյանը բացատրել է, որ այդ հատվածը փակ է քաղաքացիական բնակչության համար՝ անվտանգության նկատառումներով.

«Առայժմ հակառակորդի դիվերսիոն խմբերի մնացորդները վերացնելու գործողությունը շարունակվում է: Կա այլընտրանքային ճանապարհ, կարող եք օգտվել այլ ճանապարհից»,- հիշեցրել է Հովհաննիսյանը` ընդգծելով, որ բոլոր դիվերսանտները կհայտնաբերվեն եւ կոչնչացվեն:

«Կիրճերը, որոնցում նրանք փորձում են թաքնվել, կդառնան նրանց գերեզմանները»,- խոստացել է Հովհաննիսյանը:

Առանց մեկնաբանության։

Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հակառակորդի չորրորդ ԱԹՍ-ն է խոցվել  ժամը 21:30-ի սահմանում Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի տարածքում:

Կեսգիշերին մոտ Կրեմլը հայտնեց, որ Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Այլ մանրամասներ չեն հաղորդվել։