Yahoo Inc.-ը դադարեցնում է իր ծառայությունները Չինաստանում՝ «բարդացող բիզնես եւ իրավական միջավայրի» պատճառով։

«Չինաստանում բարդացող բիզնես եւ իրավական միջավայրի պատճառով նոյեմբերի 1-ից Yahoo-ի ծառայությունների փաթեթն այլեւս հասանելի չի լինի մայրցամաքային Չինաստանում», - ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Ընկերությունը հայտարարել է, որ «հավատարիմ է մնում օգտատերերի իրավունքներին եւ ազատ ու բաց համացանցին», հաղորդել է AFP-ն:

Ընկերության ելքը համընկել է Անձնական տեղեկատվության պաշտպանության մասին օրենքի ընդունման հետ, որը սահմանափակում է ընկերությունների կողմից հավաքագրվող տեղեկատվության ծավալը եւ սահմանում է դրա պահպանման չափանիշները: Չինաստանի օրենքները նաեւ նախատեսում են, որ երկրում գործող ընկերությունները իշխանությունների պահանջով պետք է տվյալներ փոխանցեն։