Ռուս ականավոր ֆիզիկոս, Գ. Ն. Ֆլերովի անվան Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը հիմնարար գիտությունների ոլորտում ձեռքբերումների համար դարձել է Դ.Ի. Մենդելեեւի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի առաջին երկու դափնեկիրներից մեկը:
Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 15-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում: Այս մասին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ՌԴ հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գրիգորի Օրջոնիկիձեն։
«Նախագիծը մեկնարկել է որպես ՄԱԿ-ի կողմից Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ հռչակված քիմիական տարրերի պարբերական աղյուսակի միջազգային տարվա շարունակություն: Դա 2019 թվականն էր։ Սա ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ բոլոր մրցանակներից ամենանշանակալիցն է, եւ մրցանակային ֆոնդը կազմում է 500 հազար դոլար։ Մենդելեեւյան մրցանակի հաստատումը նպատակ ունի հանրահռչակել այս մեծ գիտնականի հայտնագործությունների նշանակությունը համաշխարհային գիտության համար, ինչպես նաեւ ընդգծել հիմնարար գիտությունների դերը եւ միջազգային ազդեցության կարեւորությունը մեր ժամանակի ամենասուր, գլոբալ խնդիրների լուծման գործում», - նշել է Գրիգորի Օրջոնիկիձեն:
Այս տարի մրցանակին արժանացել են երկու ականավոր գիտնականներ՝ Գ. Ն. Ֆլերովի անվան Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը եւ Բոլոնիայի համալսարանի իտալացի պրոֆեսոր Վինչենցո Բալզանին։
«Յուրի Հովհաննիսյանը միակ կենդանի գիտնականն է, ում պատվին քիմիական տարրերի պարբերական աղյուսակի տարր է անվանվել։ Դա 118-րդ տարրն է, որը կոչվում է «օգանեսոն»», - նշել է Գրիգորի Օրջոնիկիձեն։





























