Կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնում նշանակված Արման Սահակյանի (Գալուստ Սահակյանի որդին է) համար շատ ավելի հաճելի է աշխատել գործադիր իշխանությունում, քան` ԱԺ-ում: Այս մասին նա ասել է այսօր` հուլիսի 7-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ Ա. Սահակյանը որոշեց օրենսդիր մարմնում աշխատանքը փոխարինել գործադիր իշխանությունում պաշտոն զբաղեցնելով, նա նախ հիշեցրեց, որ իր նշանակման 100 օրը չի անցել, սակայն նաեւ պատասխանեց. «Դա իմ որոշումը չէր, կուսակցության թիմի որոշումն էր: Ես համամասնական ցուցակով էի ընտրվել, բայց մինչեւ այդ նաեւ գործադիրում եմ աշխատել: Շատ պաշտոններ եմ զբաղեցրել, ինձ համար ավելի հաճելի է եւ կարծում եմ ավելի օգտակար եմ գործադիրում»:

Հիշեցնենք, որ Արման Սահակյանը նախկինում աշխատել է նաեւ որպես փոխքաղաքապետ:

Նշենք, որ մինչ Արման Սահակյանի նշանակումը ՀՀ կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր Կարինե Կիրակոսյանը: