Հայաստանում չկա արդարատադություն, դատական համակարգում յուրաքանչյուր որոշում կայացվում է վերադասի «դաբրոյով»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը, ով ի թիվս այլ` շուրջ 100 փաստաբանների, մասնակցում էր այսօր` հուլիսի 7-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի դիմաց անցկացված բողոքի ակցիային: Ակցիայի կազմակերպման համար առիթ էր հանդիսացել ադարադատության նկատմամբ իրականացված հերթական ոտնձգությունը:

Ըստ այդմ` 2011թ. ապրիլի 30-ին Ավան եւ Նորք-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Մնացականյանը բավարարել էր քրեական վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը եւ քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը: Մայիսի 5-ին նույն դատավորը բավարարելով մեղադրյալի պաշտպանի միջնորդությունը, թույլատրելի էր ճանաչել մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը: Երկու օր անց` 2011թ. հունիսի 1-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Ա.Մկրտումյանը համապատասխան գրությամբ դիմել էր Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին, ինչն էլ դատավոր Սամվել Մնացականյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ էր հանդիսացել: Իսկ  2011թ. հունիսի 24–ին ՀՀ Արդարադատության խորհուրդը որոշում է կայացրել` դիմել ՀՀ նախագահին` դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ: «Մեր բողոքն առնչվում է նաեւ դատավորներին, որպեսզի նրանք լինեն հնարավորինս անկախ, կախված լինեն միայն օրենքից»,-հայտարարեց Վարոսյանը` հավելելով, որ բողոքի ակցիայի նպատակը անկախ դատարան ունենալն է:

Հարցին, թե ինչո՞ւ հենց այժմ որոշեցին նման ակցիա  իրականացնել, երբ փաստաբանների կողմից, հատկապես «մարտի 1-ի» գործերով, բազմիցս են բողոքներ հնչել դատարանների կախյալության վերաբերյալ, NEWS.am-ի զրուցակիցը պատասխանեց. «Այս խնդիրը միշտ է եղել: Եթե նախկինում դատարանների անկախության որոշակի նշույլներ կային, այսինքն` գործերի մի մասի մասին զեկուցվում էր վերադասին, մյուս մասն ինքնուրույն էր քննվում, ապա «մարտի 1-ի» գործով դատավարություններն ի չիք դարձրին անկախություն ասվածը»:

Ըստ Վարոսյանի` այսօր ամեն մի գործ քննվում է այն ընթացքով, ինչ ընթացքով թելադրվում է «վերեւներից»: Նա նշեց, որ թեեւ լիահույս չէ, որ նման ակցիաներով հնարավոր կլինի հասնել դատարանների անկախությանը, սակայն լռելն այլեւս հնարավոր չէր: