Իշխանական կուլիսներում մեծ թափով տեղի է ունենում խորհրդարանական ընտրությունների նախապատրաստություն, գրում է թերթը` շարունակելով. «Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Մենուա Հարությունյանը, որ թերեւս կհեռանա «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրենի պաշտոնից, ցանկանում է մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրվել Էրեբունի համայնքում: Եվ այդ «հողի վրա» նախօրեին, ըստ մեր ստացած հավաստի տեղեկությունների, նրա եւ Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ էդո) որդիների միջեւ կոնֆլիկտ է առաջացել: Խոսակցություններ կան, որ բանը անգամ ծեծկռտուքի է հասել»: 

«ՀԺ»-ի հետ զրույցում Մենուա Հարությունյանն ասել է. «Ես էլ եմ այս առավոտ լսել, որ խնդիրներ եմ ունեցել, բայց ոչ մի բան էլ չի եղել»: Ըստ նրա՝ պարզապես ինքն Էրեբունի համայնքում իր նկարներն է կախել իրեն պատկանող գովազդային վահանակների վրա, ինչից աղմուկ է առաջացել, որ նա իր թեկնածությունն առաջադրելու է խորհրդարանական ընտրություններում: «Ինչպես հասկանում եմ, էլի մարդիկ կան, որ ցանկանում են թեկնածություն դնել, եւ նման աժիոտաժ է առաջացել»: Թերթի հետ զրույցում Մենուա Հարությունյանը հաստատել է, որ ինքը կարող է սույն ընտրատարածքում թեկնածու առաջադրվել. «Ես մեծամասնականով որ առաջադրվեմ, կամ էրեբունիում եմ առաջադրվելու, որտեղ ապրում եմ, կամ՝ Մեղրիում, որտեղ ծնվել եմ»,- ասել է Մենուա Հարությունյանը:

«ՀԺ»-ն նշում է նաեւ, որ, ըստ շրջանառվող լուրերի, սույն համայնքում իրենց թեկնածությունն են ցանկանում առաջադրել նորաթուխ ՕԵԿ-ական էդուարդ Մադաթյանը կամ նրա ՀՀԿ-ական որդին՝ էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի փեսան, գործարար Հրանտ Վարդանյանի որդին՝ ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Կարեն Վարդանյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը: