Արդեն 12-րդ տարին է, ինչ Հայաստանում անցկացվում է Ամերիկայի հայկական համագումարի ամառային կամավորական ծրագիրը: 1999 թվականից ի վեր այն ունեցել է 74 մասնակից, որոնք կամավորական աշխատանքներ են իրականացրել կառավարական գրասենյակներում, լրատվամիջոցներում, հասարակական կազմակերպություններում եւ վերլուծական կենտրոններում:

Այս տարվա կամավորներն են` Անժելա Բաբայանը եւ Իշխանուհի Մաթեւոսյանը Կալիֆորնիա նահանգից, ինչպես նաեւ Ջուլիա Մեդենը եւ Տաթեւիկ Բաբայանը Մասաչուսեթս նահանգից: Անժելան եւ Տաթեւիկը իրենց կամավորական աշխատանքներն իրականացնում են Երեւանում հիմնված Տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնում (Regional Studies Center - RSC)`  որը ղեկավարում է հայտնի քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Իշխանուհին կամավորական աշխատանքներ է իրականացնում Կրթության եւ Գիտության, ինչպես նաեւ Էկոնոմիկայի նախարարությունում, իսկ Ջուլիան`  Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամում:

Ծրագրի երկու ամիսների ընթացքում կամավորները հնարավորություն կունենան այցելել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տեսարժան վայրերը, հանդիպումներ ունենալ բարձրաստիճան կառավարական պաշտոնյաների եւ ազդեցիկ անձանց հետ` տարբեր հարցերի շուրջ քննարկումներ անցնկացնելու նպատակով, ինչպես նաեւ կտեսնեն, թե ինչպիսին է կյանքը Հայաստանում:

Կամավորները հանդիպումներ են ունենալու Ամենայն հայոց կաթողիկոսի, Պաշտպանության նախարարի, ԱՄՆ գործերի հավատարմատարի, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետի հետ:

Ծրագրի շրջանակներում կամավորներին հնարավորություն կտրվի նաեւ այցելել պատմական եւ մշակութային տեսարժան վայրեր:Կամավորները արդեն այցելել են Գառնի տաճար եւ Գեղարդի վանք, ինչպես նաեւ տեսել են Անիի ավերակները հայ-թուրքական սահմանից: