Արտագաղթի հիմքն իշխանության խոսքի եւ գործի հիմնովին տարբերությունն է: Սյս մասին այսօր`  հուլիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն»  կուսակցության վարչության անդամ  Կարինե Հակոբյանը: Նրա խոսքով` մեծ ազդեցություն ունի նաեւ հասարակական կարծիքի նկատմամբ պետական արհամարհանքը:

«Հասարակությունը պարզապես թքում է մեկի երեսին, մի քիչ ժամանակ է անցնում եւ նրան նշանակում են պաշտոնի, խոսքը նախկին գլխավոր ճարտարապետի մասին է»,- ասաց Կարինե Հակոբյանը: Նա նշեց, որ Հայաստանում ոչ միայն չեն գործում օրենքները, այլեւ` դրանք իրոք անկատար են. «Ինձ համար անհասկանալի է, որ մասնագետներն ասում են, թե Սահմանադրությունը լավն է, ուղղակի չի գործում: Ինչպե՞ս կարող է լավ պատրաստված մեքենան չաշխատել»,- ասաց նա, հավելելով. «Օրինակ, ինչու՞ մեր Սահմանադրության հենց սկզբում չի նշվում, որ մեր պետությունը ազգային է»:

Կարինե Հակոբյանի խոսքով` արտագաղթի պատճառներից է նաեւ խաղամոլությունը, երբ «անփորձ երիտասարդների ձեռքը փող է ընկնում, նրանք մոտակա խաղատանը տանուլ են տալիս այդ գումարը, հետո` ունեցվածքը, տունը, իսկ դրանից հետո էլ բռնում են արտագաղթի ուղին»:

Բանախոսի կարծիքով`պետք է հետեւել մի շարք երկրների օրինակին, որոնք օրենսդրորեն կարգավորում են այս հարցը, օրինակ` Մոնակոյում խաղատներից չեն կարող օգտվել մոնակոցիները, Գերմանիայում մի քաղաքում մեկից ավելի խաղատուն չի կարող լինել: «Պետությունն այս երկրներում փորձում է պաշտպանել իր քաղաքացիներին, մեր պետությունը ժողովրդի անվտանգությունն ապահովելու փոխարեն անվերջ թակարդներ է լարում նրա համար»,- ասաց Կարինե Հակոբյանը։