ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեղինակությունն ամերիկացիների շրջանում նվազել է՝ հասնելով երդմնակալությունից առ այսօր ամենացածր ցուցանշի: Այդ մասին վկայում են կիրակի հրապարակված հարցման տվյալները, որն անցկացվել է The Washington Post եւ ABC հեռուստաալիքի կողմից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ներկայացված տվյալների համաձայն՝ երկրի ղեկավարի պաշտոնում Բայդենի աշխատանքը ստացել է հարցվածների 41 տոկոսի հավանությունը: Հակառակ կարծիքն ունի հարցման մասնակիցների 53 տոկոսը: Մնացածը հարցին չեն պատասխանել:
Ինչպես նշում են հետազոտողները, դա Բայդենի ամենացածր վարկանիշն է, որը գրանցվել է հունվարին երդմնակալությունից հետո The Washington Post-ի եւ ABC-ի անցկացրած հարցումների արդյունքում: Ինչպես վկայում են ներկայացված տվյալները, ԱՄՆ գործող առաջնորդի հեղինակությունն անկել է վերջին մի քանի ամիսների ընթացքում: Դրա հիմնական պատճառն ԱՄՆ-ում տնտեսական իրավիճակի, այդ թվում՝ գնաճի վերաբերյալ ընտրողների դժգոհությունն է:
Սեպտեմբերին նախագահի պաշտոնում Բայդենի աշխատանքը հավանություն է ստացել հարցվածների 44 տոկոսի շրջանում: Այդ ժամանակ հակառակ կարծիքն է ունեցել հարցման մասնակիցների 51 տոկոսը: Հունիսին այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 50 եւ 42 տոկոս, ապրիլին՝ 52 եւ 42 տոկոս:
The Washington Post-ի եւ ABC-ի վերջերս կատարած հարցումն անցկացվել է շուրջ 1000 չափահաս ամերիկացիների շրջանում ամբողջ երկրի տարածքում նոյեմբերի 7-10-ը: Հարցումն անցկացվել է հեռախոսազանգի միջոցով:
Ամերիկայի առաջնորդի հեղինակության անկման մասին վկայում են նաեւ բազմաթիվ այլ սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները: Բայդենը, մեկնաբանելով դա, ավելի վաղ այս ամսվա ընթացքում հայտարարել էր, որ նախագահի պաշտոնում առաջադրվել էլ ոչ հասարակական կարծիքի հարցումների պատճառով:



























