Գարեգին Բ-ն ցավակցություն է հայտնել երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի մահվան առիթով:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռից, նրա ցավակցագրում մասնավորապես ասվում է. «Խորը ցավով տեղեկացանք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու եւ մեր ժողովրդի արժանավոր եւ տաղանդաշատ զավակ, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի մահվան մասին:

Վահագն Ստամբոլցյանի աստվածաշնորհ կյանքը եղավ ամբողջական նվիրում հայ մշակույթին եւ երաժշտական արվեստին: Նա տասնամյակներ շարունակ գնահատելի նպաստ է բերել ազգային եւ հոգեւոր-մշակութային վերազարթոնքին, ինչպես նաեւ երգեհոնային երաժշտության դարավոր արժեքները մատուցել երաժշտասեր հասարակությանը` իր ունկնդիրների հոգում զորացնելով սերը եւ նվիրումը հանդեպ հոգեւոր, սրբազան արժեքները:

Մեծ էր նաեւ լուսահոգի Վահագն Ստամբոլցյանի մանկավարժական վաստակը, ով երկար տարիներ անսպառելի կորովով ու նվիրումով դասավանդում էր Երեւանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայում իր իսկ ջանքերով հիմնված երգեհոնի դասարանում` ծառայելով երաժիշտների նոր սերնդի պատրաստության շնորհակալ գործին: Մխիթարությամբ ենք հիշում, որ բարձր գնահատելով բարեհիշատակ Վահագն Ստամբոլցյանի վաստակը հայ երաժշտության եւ արվեստի անդաստանում` Հայրապետական Կոնդակով նվիրյալ հայորդուն շնորհել ենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանը:

Ի խորոց սրտի աղոթում ենք առ Ամենողորմ Տերը, որ Իր անսահման ողորմությամբ ու գթությամբ երկնային լուսե բարձունքներում հանգստություն պարգեւի հանգուցյալի հոգուն»: