Թերթը զրուցել է «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ:

Ինչպե՞ս եք պատրաստվում աշնանային թեժ զարգացումներին. հնարավորություն տեսնո՞ւմ եք` քաղաքական գործընթացները դուրս բերելու իշխանություն-ՀԱԿ «երկխոսության» փակ շրջանից։

Մեր ցանկությունն է` հասնել խորքային, բովանդակային բազմասուբյեկտ գործընթացների, իսկ այն, ինչ տեղի է ունենում այսօր իշխանության եւ ընդդիմության մի հատվածի միջեւ, չգիտես նույնիսկ` լեզվակռի՞վ է, թե՞ երկխոսություն։ Այս պարագայում առավելագույնը, որ կարող ենք անել, կարծիք հայտնելն է, ինչն էլ անում ենք։

Մնացած առումներով մեր խնդիրն է` առնվազն ակոսել այն ճանապարհը, որով ուզում ենք գնալ մեր համակիրների, քաղաքացիների հետ միասին։ Եթե կլինեն համագործակցության ավելի լայն ձեւաչափեր, մենք դա կողջունենք, իհարկե, եթե դրանց արդյունքում շահելու է պետությունը եւ հասարակությունը։

Այս կապակցությամբ ուզում եմ նշել, որ տարվա առաջին կեսին տեղի ունեցան կարեւոր իրադարձություններ, որոնք լակմուսի դեր խաղացին քաղաքական սուբյեկտների համար։ Դա եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն էր, եւ մեր հրապարակած 21 առաջարկությունները, որ, ըստ էության, հավանության արժանացան քաղաքացիական հասարակության եւ քաղաքական որոշ ուժերի, բայց ոչ քաղաքական իշխանության եւ մեր ընդդիմադիր գործընկերների կողմից։

Սկսվեց այս երկխոսությունը, որ նույնպես յուրատեսակ լակմուսի թուղթ էր քաղաքական դաշտի համար։ Մեզ համար ակնհայտ դարձավ, որ քաղաքականությունը Հայաստանում հիմնականում կամ առավելապես խոսքից այն կողմ չի անցնում։ Որեւէ մեկը չի կարող ինձ համոզել, որ Հայաստանում կա երկխոսություն, երբ համատարած ավելի շատ տեսնում ես մենախոսություն։ Անգամ «Ժառանգությունը», հրապարակավ առաջարկներ ներկայացնելով բոլոր կողմերին, ըստ էության, ընդամենը եղել է մենախոսողի դերում։