«Ժամանակ» օրաթերթը վերլուծություն է տպագրել ՀԱԿ-իշխանություն երկխոսության հեռանկարների մասին: Ըստ այդմ. «Եթե իշխանությանը հաջողվեց ժամանակ ձգել մինչեւ հերթական ընտրություն` այդ ընթացքում չգնալով համակարգային արմատական որեւէ փոփոխության, ապա դա զգալի հարված է լինելու ընդդիմության վարկանիշին: Այլ խնդիր է իհարկե, որ ժամանակը մինչեւ հերթական ընտրություն ձգվի, սակայն բանակցության ընթացքում ընդդիմությանը հաջողվի իշխանությանը մղել համակարգային իսկապես լուրջ փոփոխությունների, որոնք թե՛ երկրում ընթացիկ իրավիճակը կփոխեն քաղաքացիների համար շոշափելի առումով, թե՛ նաեւ իրենց մեջ կպարունակեն որոշակի երաշխիքներ ընտրական գործընթացում ընտրակեղծարարությունը եթե ոչ ամբողջությամբ, ապա զգալիորեն չեզոքացնելու առումով: Եթե ժամանակը այդպես ձգվի մինչեւ հերթական ընտրություն, ապա ընդդիմության վարկանիշը դրանից ոչ միայն էապես չի տուժի, այլ գուցե կարող է նաեւ ինչ-որ չափով բարելավվել:

Բայց նաեւ անկասկած է, որ ինչքան ժամանակը մոտենա հերթական ընտրության, ընդդիմության համար այդքան դժվար է լինելու իշխանությանը համակարգային փոփոխությունների մղել: Այստեղ, իհարկե, կարող են գործընթացին «միջամտել» ներքին եւ արտաքին քաղաքական ու տնտեսական լրջագույն եւ բարդացող խնդիրները, որոնք իհարկե «կխաղան» ընդդիմության օգտին: Սակայն այստեղ, իհարկե, կա մի բավական լուրջ վտանգ, որի մասին թե՛ իշխանությունը պետք է մտածի, թե՛ ընդդիմությունը: Եթե իրավիճակը է՛լ ավելի վատացավ, քան ներկայումս, ապա այդ դեպքում արդեն քաղաքացիները կարող են, մեղմ ասած, երես թեքել թե՛ իշխանությունից, թե՛ ընդդիմությունից»: