Հայաստանում հուլիսի 8-19-ին կկազմակերպվի «Միջմշակութային ամառային համալսարան» ծրագիրը, որի նպատակն է միավորել եվրոպական տարբեր երկրների եւ հայ երիտասարդներին, ծանոթացնել հայկական մշակույթի բազմադարյա պատմությանը, խթանել միջմշակութային երկխոսությունը եւ համագործակցությունը, աջակցել տարբեր մշակութային ծրագրերի զարգացմանը եւ այս միջոցով նպաստել եվրոպական ինտեգրմանը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի թիրախ խումբը Եվրոպայի տարբեր երկրների երիտասարդներն են: Ծրագրի շրջանակներում Հայաստան են ժամանել 15 եվրոպական երկրների 20 երիտասարդներ։ «Ամառային համալսարան» ծրագիրն ավելի քան 20 տարվա պատմություն ունի, եւ իրականացվում է եվրոպական մոտ 40 երկրում: Այն նպատակ ունի բարձրացնելու եվրոպական երկրների երիտասարդության իրազեկվածությունն այլ երկրների մշակույթների, ազգային առանձնահատկությունների, ոչ ֆորմալ կրթության, կամավորության, միջազգային համագործակցության վերաբերյալ:

Հայաստանում իրականացվող ամառային համալսարանի թեման է՝ «Միջմշակութային երկխոսությունը եւ եվրոպական ինտեգրացիան»:

Միջոցառման ընթացքում լինելու են տարբեր քննարկումներ, ներկայացումներ, համաժողովներ եւ ոչ ֆորմալ կրթական միջոցառումներ:

Նախատեսվում են ուղեւորություններ Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր: 

Ծրագիրը կազմակերպում է «Երեւանի եվրոպական ուսանողների ֆորում» ասոցիացիա» երիտասարդական հասարակական կազմակերպությունը (AEGEE-Երեւան) Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: