Ինչպես հայտնի է` ՀՀ կառավարությունը երկարաձգել է տեսչական ստուգումների արգելքը: Սա նշանակում է, որ տեսչական գործառույթներ իրականացնող մարմինները, բացառությամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, չեն կարող ստուգումներ իրականացնել այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, որոնց շրջանառությունը նախորդ տարվա դրությամբ չի գերազանցում 70 մլն դրամը:
Հիշեցնենք, որ 2009 թ. մայիսի 29-ի որոշմամբ տեսչական ստուգումները արգելվել էին մինչեւ 2011 թ. հունվարի 1-ը, սակայն 2010 թ. նոյեմբերին ստուգումների արգելքը երկարաձգվեց:
Ստուգումները կասեցված կմնան այնքան ժամանակ, քանի դեռ տեսչությունները չեն ներդնի ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ:
NEWS.am-ը փորձեց պարզել, թե ինչպես է ընթանում վերը նշված համակարգի ներդրումը: Էկոնոմիկայի նախարարության կայքէջում դրա համար կա հուշող էջ, ըստ որի պետք է զանգահարել 54 21 34 հեռախոսահամարով` Դիանա Հարությունյանին: Բայց կապ հաստատելու բոլոր փորձերն անհաջող անցան` ըստ օպերատորի նման համար գոյություն չունի: Ընդ որում` համարը գովազդվել է հատուկ այն նպատակով, որ տնտեսվարող սուբյեկտները կարողանան իրենց առաջարկություններն ու բողոքները ներկայացնել; Միայն զարմանալ կարելի է, թե ինչպես այդ պատկառելի հիմնարկը կեղծ հեռախոսահամար է գովազդում:
Իսկ մինչ մենք կկարողանանք հայտնաբերել Դիանա Հարությունյանին, կամ կամ որեւէ այլ պատասխանատու պաշտոնյայի, ներկայացնենք տնտեսվարող սուբյեկտների կարծիքը:
Նախ նշենք, որ տեսչություններին թեեւ արգելված են ստուգումները, սակայն թույլատրված է ուսումնասիրություններ կատարել: Սա էլ կարծես թե սողանք է ստեղծում, քանի որ շատ հաճախ ուսումնասիրությունների ընթացակարգն ըստ էության ստուգման ընթացակարգից չի տարբերվում; Ճիշտ է` ուսումնասիրությունից հետո պատասխանատվության միջոցներ չեն կարող կիրառվել, սակայն տնտեսվարողներից շատերն այդ մասին չգիտեն, ինչն էլ առաջացնում է կոռուպցիոն ռիսկեր: Ըստ կարգի` եթե ուսումնասիրության ընթացքում առաջ են գալիս մարդու առողջությանը կամ կյանքին սպառնացող վտանգներ, տեսչական ստուգումը պետք է իրականացվի վարչապետի թույլտվությամբ ու նրա անմիջական հսկողությամբ;
Քանի որ այս կետն այնքան էլ չի հրապարակայնացվում, տնտեսվարողները նախընտրում են հեռու մնալ գլխացավանքներից, ու տեսուչներին ընդունում ու ճամփու են դնում ինչպես նախկինում:
Հուսով ենք` էկոնոմիկայի նախարարությունը, որտեղ էլ մշակվում են տեսչական բարեփոխումների հայեցակարգերը, ավելի լրջորեն կանդրադառնա այդ բարեփոխումների թափանցիկությանն ու հրապարակայնացմանը;
Սամվել Ավագյան




























