72 տարեկան հասակում կյանքից հեռացել է վաստակավոր գիտնական, ճանաչված իրավագետ, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող, պրոֆեսոր Ռոբերտ Զավենի Ավագյանը:
Ռ.Ավագյանի հոգեհանգիստը տեղի կունենա Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ հուլիսի 10-ին՝ ժամը 19-20-ին: Վերջին հրաժեշտը՝ հուլիսի 11-ին՝ ժամը 13-ին: Հուղարկավորության արարողությունը կկայանա Երեւանի Կենտրոնական գերեզմանատանը:
Ռ. Ավագյանը ծնվել է 12 հունիսի, 1939 թ., Երեւանում: 1962 թ. ավարտել է Երեւանի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը: 1962-1965 թ. աշխատել է ՀՍՍՀ Գերագույն Դատարանում որպես օրենսդրությունը համակարգող ավագ խորհրդատու:
1965 թվականից մինչեւ օրս աշխատում է Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտում, սկզբում որպես կրտսեր, 1972 թվականից` ավագ գիտաշխատող: 1981-1991 թթ. եղել է նույն ինստիտուտի Պետության եւ իրավունքի բաժնի վարիչ, 1992-2003 թթ.` Պետաիրավական հետազոտությունների բաժնի վարիչի տեղակալ, իսկ 2004-2005 թթ.` փոխտնօրեն:
1983-1991 թթ. եղել է ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի «Դատա-դատախազա-քննչական» մասնագիտության գծով ավարտական Պետական քննական հանձնաժողովի նախագահ: 1972 թ. պաշտպանել է թեկնածուական թեզը Մոսկվայում: 1995-2007 թթ. եղել է ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ: 1999 թ. մինչեւ օրս ՀՀ Դատախազության մարմինների աշխատակիցների որակավորման հանձնաժողովի անդամ է: Նրա անցած ուղին, սակայն, այսքանով չի սահմանափակվում:
Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանվել են բազմաթիվ ատենախոսություններ: Հեղինակ է քրեական իրավունքի եւ քրեաբանության արդիական խնդիրներին նվիրված ավելի քան հարյուրավոր հրապարակումների, այդ թվում` 16 գրքերի: Խմբագրել եւ գրախոսել է ավելի քան 50 աշխատություն, արժանացել է բազմաթիվ պարգեւների:




























