Հայաստանում վերջին օրերի տապն աննկարագրելի ակտիվություն է առաջացրել կենցաղային խանութ- սրահներում` օդորակիչները դարձել են ամենամեծ պահանջարկ ունեցող կենցաղային տեխնիկան: NEWS.am- Ինովացիայի թղթակցի հարցումները եւրեւանյան խանութ-սրահներում ցույց են տալիս, որ ամենուրեք ընթանում է օդորակիչների ակտիվ վաճառք:

«Սամսունգ» խանութ-սրահի գլխավոր մենեջերի օգնական Արմինե Ռեւազյանի խոսքով` շոգ օրերը ուղիղ համեմատական են օդորակիչների վաճառքի ծավալներին, իսկ վերջին մի քանի օրերին պահանջարկը էապես ավելացել է: Խանութում կարելի է գտնել Samsung ֆիրմայի օդորակիչների տարբեր մոդելներ, որոնց գինը տատանվում է 196-507 հազ. դրամի սահմաններում:

«Զիգզագ» խանութ-սրահում  վաճառվում է Bosch եւ Panasonic ֆիրմաների օդորակիչներ, որոնց գները սկում են 176 հազար դրամից եւ հասնում մինչեւ 1 մլն դրամ` 20ք.մ- ից մինչեւ 100քմ. տարածքի համար։ Վաճառող-խորհրդատու Դավիթ Բաղդասարյանի խոսքով` մարդիկ հիմնականում նախընտրում են օդորակիչների էժան մոդելները։

«Արայ» խանութ-սրահի վաճառքի մենեջեր Գրիգորի Մարտիրոսյանը եւս նշեց, որ էժան օդորակիչներն ավելի արագ են սպառվում։ Խանութում վաճառվում են LG, Electrolux եւ Zanussi ֆիրմայի օդորակիչներ:  Գները 190-530 հազ դրամի սահմաններում է։

Այսպիսով`երեւանյան խանութներում հիմնականում վաճառվում են օդորակիչների ստանդարտ մոդելները, որոնք ավելի էժան են, իսկ ինվերտր համակարգով (էներգախնայող) մոդելները ավելի դժվարությամբ են սպառվում։

«Կոնֆել» խանութ-սրահի գլխավոր ինժեներ Ռուբեն Մուրադխանյանի գնահատմամբ, եթե ստանդարտ օդորակիչները մոտ 30քմ տարածքի համար ժամում ծախսում են 800վտ, ապա ինվերտր համակարգով օդորակիչները ժամում ծախսում են մոտ 500 վտ։

«Մեկ ժամվա կտրվածքով տարբերությունը գուցե քիչ է, սակայն մեկ տարվա ընթացքում կարելի է մոտ 30-40 տոկոս էներգիա խնայել»,-ասաց Ռ. Մուրադխանյանը՝ հավելելով, որ ինվերտր համակարգով օդորակիչները մոտ 30 տոկոսով ավելի թանկ արժեն։

Ակնհայտ է, որ էներգախնայող ու ավելի թանկ մոդել ընտրելը ավելի շահավետ է ստանդարտ ու էժան մոդելների համեմատ: Սա այն դեպքերից է, երբ «թանկից էժանը չկա» ժողովրդական խոսքը ճիշտ է իր ուղղակի իմաստով: Ընդամենը 2-3 տարվա ընթացքում էներգախնայող մոդելը թույլ է տալիս փոխհատուցել գնի մեջ ներառված հավելյալ ծախսը:

Ինժեները նշեց նաեւ, որ օդորակիչները տաքացման եւ սառեցման համար օգտագործում են համարյա նույնչափ էլեկտրաէներգիա։

«Իրականում տաքացման կամ սառեցման համար միացված օդորակիչի ծախսվող էներգիայի տարբերությունը չնչին է՝ տաքացման համար մի փոքր ավելի շատ է էներգիա ծախսվում»,-ասաց մասնագետը։ Նրա խոսքով՝  օդորակիչի էներգիայի շատ կամ քիչ ծախսելը կախված է հիմնականում եղանակից։

«Որքան ցուրտ է դրսում, այդքան օդորակիչի աշխատաժամանակը ավելի շատ է, իսկ դադարները ավելի քիչ են»,-ամփոփեց մասնագետը։ Նա նշեց նաեւ, որ օդորակիչներից էներգախնայող մոդելներից են Mitsubishi-Electric-ը եւ Tosհiba-ն։

 

Պատրաստեց Լուսինե Մովսիսյանը