Վրաստանը պետք է Աբխազիայի անկախությունը ճանաչելու շուրջ բանակցություններ սկսի: Վրացական «Տրիբունա.գե» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ նման նախաձեռնությամբ է հանդես եկել վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն:
«Միայն այդ դեպքում Աբխազիայի եւ Վրաստանի միջեւ երկխոսությունը կկայանա: Աբխազիայի անկախությունը ճանաչելու պարագայում, վրացական կողմը Աբխազիայից կարող է պահանջել, որ Ռուսաստանն իր զորքերը դուրս բերի Աբխազիայից, ինչպես նաեւ հետ ընդունի փախստականներին»,- ասել է նա:
Փորձագետի կարծիքով, այդ նախաձեռնության համար հիմա ամենահարմար ժամանակն է, քանի որ Աբխազիան շուտով նոր նախագահ է ունենալու, թեեւ այդ նախաձեռնությունն իր մեջ նաեւ վտանգներ է պարունակում:
«Իհարկե, վտանգ կա, եւ ես շատ լավ գիտակցում եմ դա: Նման նախաձեռնությամբ հանդես գալու պարագայում, ռուսները կքննարկեն Աբխազիայում հայերի եւ աբխազների միջեւ քաղաքացիական պատերազմ հրահրելու հավանականությունը: Եթե աբխազներն ընդունեն վրացական կողմի նախաձեռնությունը, ապա ռուսները անպայման նրանց կհրահրեն հայերի դեմ, եւ այդ պարագայում ամեն ինչ կկործանվի»,-նշել է կոնֆլիկտաբանը:




























