Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանի շրջանակներում հուլիսի 8-ին Փարիզի Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ալեք Մանուկյան Մշակութային կենտրոնում տեղի է ունեցել մշակութային միջոցառում` Գյումրիից ժամանած արվեստագետների եւ երաժիշտների մասնակցությամբ: Միջոցառման կազմակերպիչներն էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը եւ ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը: Արվեստագետ Վազգեն Պահլավունի Թադեւոսյանը ներկայացրել է «Հայաստանը եւ Ֆրանսիան հայ եւ ֆրանսիացի երեխաների աչքերով» նկարչական ցուցահանդեսը, ինչպես նաեւ իր հեղինակած «Հայկական թուղթ» էտյուդային դիմանկարների շարք ֆիլմը` ֆիլմի ռեժիսոր Գառնիկ Սարգսյանի ներկայությամբ:

Ցուցադրվեցին Արմեն Տեր-Մկրտչյանի լուսանկարչական աշխատանքները:  Միջոցառման առանցքը Գյումրիից ժամանած «ԲԱՄԲԻՌ» ֆոլք-ռոք երաժշտախմբի համերգային ծրագիրն էր` խմբի հիմնադիր եւ ղեկավար Գագիկ Բարսեղյանի, Նարեկ Բարսեղյանի եւ Արիկ Գրիգորյանի մասնակցությամբ: Երաժշտախումբը հանդես եկավ հայկական երաժշտական ստեղծագործությունների մշակումների եւ սեփական երգացանկի կատարումներով:  Միջոցառումը մեծ տպավորություն է թողել հանդիսատեսի վրա: Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, ՀԲԸՄ ղեկավարությունը, հայ, ֆրանսիացի եւ արտերկրից ժամանած արվեստագետներ: