Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրին առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփի հանդիպման ժամանակ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը մտքեր են փոխանակել` կապված ՀԲ կողմից իրականացվող ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի ընթացքի եւ շարունակականության անհրաժեշտության հետ:
Շեշտելով, որ ոլորտի բարեփոխումները եւ ջրամատակարարման որակի բարելավումը քաղաքապետարանի ծրագրային առավել կարեւոր առաջնահերթություններից է, քաղաքապետն ընդգծել է որ մայրաքաղաքում, ցավոք, ջրամատակարարման որակը չի բավարարում բնակչության պահանջները եւ հետ է մնում հանրային ծառայություն մատուցող մյուս ընկերություններից: Կարեն Կարապետյանը նշել է նաեւ, որ քաղաքապետարանը պատրաստակամ է աջակցել ոլորտի կանոնակարգման գործընթացին` ինչպես կառավարման, այնպես էլ ֆինանսավորման նոր աղբյուրներ ներգրավելու հարցում` միաժամանակ ակնկալելով Համաշխարհային բանկի եւ այլ դոնորների աջակցությունը:
Խոսելով բանկի կողմից Հայաստանում ներկայում իրականացվող ծրագրերի շուրջ եւ գնահատելով բարեփոխումների ընթացքը` Հայաստանում ՀԲ գրասենյակի ղեկավարը նշել է, որ ջրամատակարարման ոլորտում աշխատանքները կազմակերպելու եւ հետագա քայլերը հստակեցնելու համար անհրաժեշտ է ունենալ համակարգում տիրող իրավիճակի ռեալ գնահատական: Վերջինս հաստատել է Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտին աջակցելու Համաշխարհային բանկի պատրաստակամությունն` առաջիկայում հարցը քննարկելով ՀՀ կառավարության հետ:




























