Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Ավետիս Ավագյանը օրերս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն եւ հարցաքննվել  «Մարտի 1-ի» քրեական գործի շրջանակներում:  Տեղեկությունն այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  հաստատեց «Մարտի 1-ի» քրեական գործը քննող ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը:

Ավետիս Ավագյանին  հարցաքննելու առիթ է հանդիսացել  «Մարտի 1»-ի վերաբերյալ նյութերի տեղադրումը վիդեոհոսթինգում:  Ըստ լուրերի` Հատուկ Քննչական ծառայությունը պարզել է, որ IP-ն, որտեղից տեսանյութեր են տեղադրվում մարտի 1-ի  զոհերի վերաբերյալ, գրանցված է Ավետիս Ավագյանի անունով: Հարցաքննության մանրամասների վերաբերյալ Վահագն Հարությունյանն առայժմ ոչինչ չասաց` նշելով, որ առավել մանրամասն կխոսի հուլիսի 14-ին ՀՔԾ-ի կողմից հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Նշենք, որ YouTube.com կայքում պարբերաբար տեսանյութեր են տեղադրվում 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ:

Մասնավորապես, YouTube.com ինտերնետային կայքում այս տարվա հունիսի 6-ին տեղադրված տեսանյութը վերնագրված է «Սամվել Հարությունյանի գնդակահարությունը... 01.03.2008թ.»: Մինչդեռ տեսանյութում չկա Սամվել Հարությունյանի կամ որեւէ այլ անձի սպանության փաստը պատկերող դրվագ: «Մեկ անգամ եւս հորդորում ենք տեսագրությունը կատարած անձանց նախաքննական մարմնին ներկայացնել իրենց ունեցած տեսանյութերն ամբողջությամբ, ինչը կարող է օգտակար լինել նախաքննությանը` որոշակի հանգամանքներ ճշտելու համար: Նախաքննական մարմինը պատրաստակամ է հարցաքննել նաեւ տեսագրությունը կատարած անձանց, ովքեր կարող են պարզաբանում մտցնել նյութերի ապացուցողական նշանակության եւ գնահատման հարցում: Ոչ կոմպետենտ եւ շահագրգիռ մեկնաբանությունները միայն դեպքերի, դրանց հանգամանքների աղավաղման եւ հանրությանը ապակողմնորոշելու միտում ունեն»,-ասված է տեսանյութի վերաբերյալ ՀՔԾ-ի արձագանքում: