Գյումրի քաղաքում ժամանակավոր կացարաններում բնակվում են մոտ 3500 ընտանիք, ովքեր երկրաշարժի հետեւանքով բնակարան չեն կորցրել եւ պետության կողմից ենթակա չեն բնակարանային փոխհատուցման: Այս մասին նշված է Գյումրիի քաղաքապետարանի կողմից «Շիրակ կենտրոնին» ուղղված պատասխանում:
«Շիրակ Կենտրոնից» NEWS.am-ին հայտնում են Կենտրոնը Գյումրիի քաղաքապետարանին տեղեկատվության հարցում էր ուղղել անօթեւանության հերթացուցակներում հաշվառվելու խնդրանքով իրենց դիմած այն անօթեւան ընտանիքների վերաբերյալ, ովքեր ՀՀ կառավարության որոշմամբ, սահմանված պահանջներով մինչեւ 2008 թվականի նոյեմբերի 1-ը տարաբնույթ պատճառներով չեն հասցրել հաշվառվել անօթեւանների հերթացուցակում, ուստի չեն կարող օգտվել բնակարան ստանալու իրենց իրավունքից: Մենք խնդրել էինք տրամադրել տեղեկատվություն նաեւ այն ընտանիքների մասին, ովքեր բնակվում են ժամանակավոր կացարաններում, սակայն երկրաշարժին բնակարան չկորցնելու պատճառով պետության կողմից ենթակա չեն բնակարանային փոխհատուցման:
Ի դեպ, Գյումրիում տնակներում բնակվող երկրաշարժի հետեւանքով ոչ անօթեւան ընտանիքների հաշվառում մինչեւ օրս չի կատարվել, ուստի նրանց ամբողջական ցուցակ գոյություն չունի:
Գյումրիի քաղաքապետարանի կողմից տրամադրած մեկ այլ տեղեկատվության համաձայն, մինչեւ օրս անօթեւանների հերթացուցակում չհաշվառված 142 ընտանիք է իրենց դիմել, ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր երկրաշարժին բնակարան կորցնելու եւ փոխհատուցված չլինելու մասին:




























