Գարեգին Բ-ն  հուլիսի 9-ին` մեկնել է Ծաղկաձոր, ուր հանդիպել է այնտեղ  հուլիսի 7-10-ն անցկացվող Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական կազմակերպության (ՀԵՀԵԿ) երկրորդ պատգամավորական ժողովի մասնակիցներին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից: Նրանց փոխանցմամբ` ՀԵՀԵԿ երկրորդ պատգամավորական ժողովին մասնակցել են 30 երկրներից ժամանած շուրջ 150 երիտասարդներ: Հանդիպման սկզբում ԱՄՆ հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ով նաեւ պատասխանատուն է Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական կազմակերպության, Գարեգին Բ-ին է ներկայացրել պատգամավորական ժողովի մասնակիցներին, տեղեկացրել եռօրյա ժողովի արդյունքների մասին:

Գարեգին Բ-ն ուրախություն է հայտնել, որ ՀԵՀԵԿ-ն` իբրեւ կառույց, կայացել է, ձեւավորվել է համախմբումների գեղեցիկ ավանդույթը, ինչը վստահություն է ներշնչում, որ եկեղեցասեր երիտասարդական այս շարժումը պիտի նոր թափ առնի եւ նորանոր անդամներով համալրի իր շարքերը:

Հանդիպումից հետո Վեհափառ Հայրապետը զրույց է ունեցել աշխարհի տարբեր կողմերից հավաքված երիտասարդ պատվիրակների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: