Իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը, բացի դեմագոգիայից, այլ բանի չի հանգեցնի։ Հուլիսի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանը։
«Երկխոսության գաղափարը նրանց երկուսին հուշվել է Արեւմուտքից, բայց հարց է՝ 11 հոգով ի՞նչ հարց պետք է լուծեն։ Եւ ընդհանրապես, իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը նման է թղթե տնակի, որը քամուց յուրաքանչյուր պահի կարող է օդ բարձրանալ»,- համոզմունք հայտնեց Թովմասյանը՝ միաժամանակ հավելելով, որ այն հայտարարություններին, որոնց ականատես է հասարակությունն այսօր, ընդդիմության եւ իշխանության՝ մեկը մյուսի հասցեին տեղացող փողոցային լուտանքներ են։
«Ես ընդհանրապես չեմ հասկանում՝ Հայ ազգային կոնգրեսն ինչո՞ւ ստեղծվեց, ի՞նչ նպատակներ է հետապնդում, կամ առհասարակ, ինչ երկխոսության մասին կարող է խոսք լինել այն դեպքում, երբ ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը նույն քաղաքականությունն են տանում։ Ավազակապետությունից իջել ենք ավազակապետության ներկայացուցիչների երկխոսության մակարդակի»,- ամփոփեց ՀԿԿ նախագահը։
Նշենք, որ Հայաստանի իշխանություններն արդեն աշխատանքային խումբ են ձեւավորել` բաղկացած 6 հոգուց, որը պետք է խորհրդակցություններ վարի ՀԱԿ-ի հետ: Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը նշել է, թե երկխոսության առաջին փուլը կայանալու է առաջիկա տասնօրյակում:




























