Հայտնի են դարձել ՀՀ ոստիկանության աշխատակից Արթուր Հակոբյանի կողմից «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի Նոր Նորքի մասնաճյուղում կատարված ավազակային հարձակման դրդապատճառները: Ի պատասխան NEWS.am-ի հարցման` ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ Երեւանի քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնին կից Պետական պահպանության վարչության բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանը, «խախտելով ոստիկանության ծառայության եւ սպայի վարքագծի պարտադիր կանոնները, արատավորելով ոստիկանության ծառայողի անունը, ծառայողական պարտականություններից դուրս զբաղվել է մոլեխաղով»: Նա, ըստ ՀՔԾ-ի, մեծ չափի խաղադրույքներ է կատարել սպորտային տարբեր հանդիպումների ժամանակ, կուտակել է բազմաթիվ պարտքեր, որոնք մարելու համար էլ 2011 թվականի մարտի 29-ին` ժամը 12-ի սահմաններում, «Կոնվերս բանկ» ՓԲԸ  Նոր Նորք մասնաճյուղում կատարել է ավազակային հարձակում:

Ըստ ՀՔԾ-ի` Հակոբյանն այդ արարքը կատարել է առանց հանցակցի եւ նրա նկատմամբ հարուցված գործն ուղարկվել է Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Նշենք, որ վերջինս գլխարկով դեմքը ծածկած վիճակում մուտք էր գործել  նշված բանկի վարչական տարածք  եւ «Մակարով» տեսակի ատրճանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարել բանկի աշխատակիցների նկատմամբ` հափշտակելով 37800 ՌԴ ռուբլի, 1 միլիոն 724 հազար դրամ, 385 եվրո, 6695  դոլար: Հանցագործությունը կանխվել էր նշված բանկում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակցի մասնագիտական բարձր պատրաստվածության եւ բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու շնորհիվ. չնայած զենքի սպառնալիքին, նա  գործադրել է իրեն ամրակցված  «Մակարով» տեսակի ատրճանակը, ինչի հետեւանքով  Արթուր Հակոբյանը որովայնի եւ ազդրի շրջանում ստացել էր  հրազենային  վնասվածքներ, վնասազերծվել ու տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Արթուր Հակոբյանի մոտից առգրավվել էր «Մակարով» տեսակի ատրճանակ` 1 պահունակով` 8 փամփուշտով:

Ոստիկանության կապիտանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ավազակություն` առանձնապես խոշոր չափերով հափշտակության նպատակով): Մարտի 31-ին Արթուր Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է  կալանավորումը:  Գործով նշանակվել էինտարբեր բնույթի փորձաքննություններ, ստուգվել են քննությամբ առաջ քաշված վարկածներ, հանցագործության կատարման շարժառիթների եւ հանցագործության կատարմանն այլ անձանց հնարավոր մասնակցությունը պարզելու ուղղությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հակոբյանը ֆինանսապես ապահովված է, բարեկեցիկ կյանքով: ապրող ընտանիքից է: Նրա ընտանիքին է պատկանում  Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցի վրա տեղակայված բնակելի 6 հարկանի շենքի բոլոր հարկերը, ինչպես նաեւ մի քանի առանձնատուն Երեւանի տարբեր հատվածներում:

Հակոբյանի հարազատները NEWS.am-ի հետ զրույցում բացառել էին տարբերակը, որ վերջինիս արարքը պայմանավորված լինի խաղամոլությամբ: «Ուղղակի ապշած ենք, թե Արթուրը ինչո՞ւ պիտի նման քայլի  գնար, 10 հազար դոլարի համար իր պատիվը գետնովը տար»,-նշել էին նրանք: