Երգիչ Դավիթ Թուջարյանը այսօր` հուլիսի 13-ին, ներկայացրեց իր նոր «Բա որ ասում էիր» ձայնասկավառակը: Ձայնասկավառակի մեջ ընդգրկված է 12 երգ, որոնց մեծ մասի հեղինակը մայրն է` երաժիշտ Գայանե Աստվածատրյանը, իսկ գործիքավորումը կատարել է եղբայրը:

Լրագրողների հետ հանդիպմանը Դավիթ Թուջարյանը նշեց, որ ձայնասկավառակ թողարկելը ֆինանսական առումով ոչ մի օգուտ չի բերում, բայց դրանով ներկայանում ես լսարանին: Իսկ թե ինչու էր Դավիթ Թուջարյանը սկզբից ներկայանում որպես Սասունցի Դավիթ, իսկ այժմ` անուն-ազգանունով, նա նշեց, որ դա պրոյեկտ էր, որն ավարտվեց:

Նշենք, որ Դավիթի առաջին ձայնասկավառակը թողարկվել է 2007թ: Վերջերս Դավիթը մենահամերգներով հյուրընկալվել էր Ռուսաստանի մի քանի քաղաքներում, այժմ տարբեր երկրների հետ բանակցություններ է վարում մենահամերգներով հանդես գալու համար, իսկ Երեւանում առաջին մենահամերգը խոստանում է շատ չուշացնել` միաժամանակ շեշտելով, որ դրան պետք է շատ լուրջ պատրաստվել:

Անդրադառնալով մեր երգարավեստի վիճակին` Դավիթը նշեց, որ ժամանակի ընթացքում անորակ երաժշտությունն իր տեղը կզիջի որակյալին եւ դուրս կգա դաշտից: Երգիչը կողմնակից է չափորոշիչներ մշակելուն, որպեսզի ոչ բոլոր երգերը հնչեն եթերում: Ինչ վերաբերում է 6/8 ձեւաչափին, ապա երգչի կարծիքով` դա մեր ժողովրդի համար ուղղակի ուրախ մի ժանր է, որի կարիքը ժողովուրդը շատ ունի:

«Այդ ժանրը հետաքրքիր, յուրօրինակ ժանր է: Ժողովուրդը, իրոք, դրա կարիքն ունի եւ կարողանում է այդ երաժշության ներքո տրամադրությունը բարձրացնել եւ մոռանալ, որ տխուր ազգ է: 6/8 լսելը ամոթ չէ, շատ-շատ աշուղներ ստեղծագործել են այդ ժանրում»,- նշեց նա:

NEWS.am-ի հարցին, թե մեր երգարվեստից ո՞ւմ երգերն է լսում, իսկ ումը` ոչ, նա պատասխանեց, որ այդպիսիք շատ կան, սակայն չցանկացավ կոնկրետ անուններ թվարկել:

Դավիթ Թուջարյանն անդրադարձավ նաեւ երգիչների մարդկային հատկություններին, նշելով. «Մեկ-մեկ զարմանում եմ, երբ տեսնում եմ, որ վատ մարդը այդպես լավ է երգում, այդքան զգացողություններ է ունենում»: