Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հրամանագրում մասնավորապես ասված է. «Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ եւ 95-րդ հոդվածի 5-րդ կետերով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2011 թվականի հունիսի 24-ի առաջարկությունը` որոշում եմ.
Դադարեցնել Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ լիազորությունները»:
Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատի մի խումբ փաստաբաններ օրեր առաջ կոչ էին արել Հանրապետության Նախագահին մերժել դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Արդարադատության խորհրդի միջնորդությունը: Բանն այն է, որ Արդարադատության խորհուրդը նման միջնորդությամբ հանդես էր եկել այն բանից հետո, երբ դատավոր Մնացականյանը մի գործով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինել է այլնտրանքային խափանման միջոց գրավով, ինչն էլ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ էր հանդիսացել:




























