Ժողովուրդը ինքը պետք է որոշի, թե ինչ պետություն է ուզում, հավատա իր ուժերին. միայն այդ դեպքում կլինի քաղաքացու եւ երկրի հաղթանակը: Այս մասին այսօր` հուլիսի 13-ին, հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` Մեծամորում, Արմավիր մարզի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ:
«Ժառանգության» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը ներկայացրել է հաշվետվություն` տարածաշրջանից իրեն ուղղված դիմումներին տրված ընթացքների մասին:
Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ընդգծել է, որ քաղաքականությունը հենց այդօրինակ հաշվետվությունների եւ հարցուպատասխանների մեջ է եւ որ իշխանությունը նույնպես պետք է հաշվետու լինի ժողովրդի առջեւ: Նա քաղաքացիներին հորդորել է մասնակից լինել իշխանության ձեւավորմանը:
Անդրադառնալով առկա ներքին եւ արտաքին խնդիրներին` «Ժառանգության» առաջնորդը խոսել է կուսակցապետական ապօրինի հուշագրի, արցախյան դիվանագիտական գործընթացում հերթական հետքայլի, եւ արտագաղթը խթանող իշխանական քաղաքականության մասին:
Հարցուպատասխանի ժամանակ ներկաները հանդես են եկել ելույթներով, բարձրաձայնելով իրեց հուզող խնդիրների մասին, որոնց լուծման համար «Ժառանգություն» կուսակցությունը իր պատրաստակամությունն է հայտնել` անհրաժեշտ քայլեր ձեռնարկել եւ դրանք հնչեցնել բոլոր հնարավոր ամբիոններից:
Ի դեպ, այսօր Անահիտ Բախշյանը Արմավիրի մարզպետի հետ կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի քաղաքացիներին հուզող հարցերը:




























