Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հուլիսի 13-ին, Երեւանի պետական համալսարանում ավարտական դիպլոմներ է հանձնել տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատի եւ մագիստրատուրայի շուրջ 80 շրջանավարտների:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա շնորհավորել է շրջանավարտներին բուհն ավարտելու կապակցությամբ եւ նշել, որ համալսարանի մասին պատկերացումները առաջին հերթին շրջանավարտներն են ձեւավորում:
Դիպլոմների հանձման արարողությանը նախորդել է վարչապետի դասախոսությունը «Գլոբալ տնտեսության եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումները» թեմայով: «Հաճույքով եմ կատարում այս պատվաբեր առաքելությունը՝ մայր բուհում հանդես գալով դասախոսությամբ։ Այս փոխադարձ կապը թույլ է տալիս հասկանալ, թե մեր ուսանողներն ինչպես են ընկալում աշխարհում ընթացող տնտեսական զարգացումները»,-ներածական խոսքում նշել է Տիգրան Սարգսյանը: Այնուհետեւ կառավարության ղեկավարը պատասխանել է ուսանողների եւ պրոֆեսորա-դասախոսական կազմին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերվել են Հայաստանի տնտեսությանը, կրթության հիմնախնդիրներին եւ այլն:




























