Հետազոտողները հայտնաբերել են մամոնտների «գերեզման», որը լցված է եղել հինգ՝ ձագի, երկու ավելի մեծ եւ երկու մեծահասակ կենդանիների ոսկորներով: Նրանք բոլորը, ինչպես ասվում է Live Science-ի հրապարակման մեջ, մահացել են վերջին սառցե դարաշրջանում՝ Անգլիայի հարավ-արեւմուտքում գտնվող ներկայիս Սվինդոն քաղաքի տարածքում, հայտնում է Planet-today-ը։
Մամոնտի մնացորդների հետ մեկտեղ հետազոտողները հայտնաբերել են նեանդերթալցիների կողմից ստեղծված քարե գործիքներ, այդ թվում՝ ձեռքի կացին եւ կայծքարե փոքրիկ գործիքներ, որոնք օգտագործվել են կենդանիների թարմ կաշին մաքրելու համար: Սակայն, թիմը դեռ պետք է ուսումնասիրի մամոնտի ոսկորները՝ պարզելու, թե արդյոք դրանց վրա նեանդերթալական գործիքների հետքեր կան:
Գիտնականները նշում են, որ մամոնտի ոսկորներ գտնելը միշտ էլ անսովոր է, բայց այդպիսի հին ու լավ պահպանված եւ նեանդերթալցիների քարե գործիքներին այդքան մոտ գտնվելը զարմանալի բացառություն է:
Գտածոյի մասին ի սկզբանե հայտնել են բրածոներ որոնողների երկու սիրահարներ: Այնուհետեւ DigVentures ընկերությունը տեղանքում պեղումներ է կազմակերպել: Հնագետների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են սառցե դարաշրջանի բազմաթիվ արտեֆակտներ, այդ թվում՝ բզեզի նուրբ թեւեր, քաղցրահամ ջրի խխունջների փխրուն պատյաններ եւ մամոնտի մնացորդներ, ինչպիսիք են ժանիքները, ոտքերի ոսկորները, կողոսկրերը եւ ողնաշարերը, որոնք պատկանում են տափաստանային մամոնտների տեսակներին: Գիտնականները նշում են, որ թեեւ վաղ տափաստանային մամոնտները մինչեւ 4 մետր բարձրություն են ունեցել, հայտնաբերված հինգ մամոնտները փոքր են եղել, ինչը կարող է ցույց տալ, որ չափերը նվազել են եւ, հավանաբար, դա տեղի է ունեցել սառցե դարաշրջանի ցրտերի ժամանակ:
Հետազոտողները այս վայրը թվագրել են 220 հազարից մինչեւ 210 հազար տարի առաջ՝ միջսառցադաշտային կամ տաք ժամանակաշրջանի ավարտին ավելի մոտ, երբ նեանդերթալցիները դեռ ապրում էին Բրիտանիայում: Իսկ երբ ջերմաստիճանը իջել է, նրանք շարժվել են ավելի հարավ:
Հետագայում գիտնականները մտադիր են պարզել, թե ինչու են այդքան շատ մամոնտներ ոչնչացել մեկ վայրում, եւ արդյոք տեղի նեանդերթալցիները որսացել են այդ կենդանիներին: Նախկինում բացահայտված որոշ նախապատմական ապացույցներ ցույց են տալիս, որ նեանդերթալցիները հետապնդել են մամոնտներին եւ այլ խոշոր հաստամորթների:
Փորձագետների կարծիքով՝ ստացված տվյալները մեծ նշանակություն ունեն մարդկանց կողմից Մեծ Բրիտանիայի օկուպացիան հասկանալու համար, եւ հայտնաբերված բնապահպանական ապացույցները նույնպես կօգնեն հասկանալ դա անցյալի կլիմայական փոփոխությունների համատեքստում։ Այս բացահայտումներով գիտնականները հույս ունեն լույս սփռել Բրիտանիայում 200 000 տարի առաջվա կյանքի վրա:





























