Հնդկաստանում կապիկները որոշել են վրեժ լուծել շներից՝ ձագի մահվան համար։ Ինչպես հաղորդում է ABC13News-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին, ամեն ինչ սկսվել է Բիդ շրջանում այն բանից հետո, երբ մի քանի շներ սպանել են կապիկի ձագին: Վերջին մեկ ամսվա ընթացքում Լավուլ գյուղը, որտեղ 5000 մարդ է ապրում, կորցրել է գրեթե բոլոր շներին: Մոտ 250 շուն է սպանվել վրիժառու պրիմատների կողմից։

Ենթադրաբար, կապիկները բռնում են շներին, քարշ տալիս ծառերի գագաթներ ու բարձր շենքերի տանիքներ եւ ցած նետում։

Սակայն գյուղացիները եւ տեղի անտառտնտեսության աշխատակիցները չեն կարողանում բռնել մահաբեր կապիկներից որեւէ մեկին: Ավելին, գյուղի բնակիչները, ովքեր փորձել են բռնել կապիկներին, վնասվածքներ են ստացել։

Կապիկների վրեժը խուճապ է առաջացրել, քանի որ այժմ նրանք թիրախ են դարձնում փոքր երեխաներին:

Ըստ Scientific American-ի, հայտնի է, որ կապիկները վրեժխնդիր են լինում իրենց հանդեպ ագրեսիվություն ցուցաբերածների հանցակիցներից կամ ընտանիքի անդամներից: