ՆԱՏՕ-ն պետք է հրաժարվի գաղափարախոսական նախապաշարմունքներից, ավելի շատ բան անի միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության պահպանման համար, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել են Չինաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում։
«Աշխարհում ամենամեծ ռազմական դաշինքը լինելով՝ ՆԱՏՕ-ն պետք է հրաժարվի սառը պատերազմի մենթալիտետից եւ գաղափարախոսական նախապաշարմունքներից, ավելի շատ ջանքեր գործադրի՝ նպաստելու համար միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանմանը»,- ասել են գերատեսչությունում՝ մեկնաբանելով անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկությունները։
ՌԴ ԱԳՆ-ն դեկտեմբերի 17-ին հրապարակել է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի պայմանագրի նախագծերը անվտանգության երաշխիքների մասին։ Փաստաթղթերն արդեն հանձնվել են Վաշինգտոնին եւ նրա դաշնակիցներին։ Նախագծի կետերից մեկով առաջարկվում է, որպեսզի ՆԱՏՕ-ն Ուկրաինայի տարածքում չընդլայնվելու երաշխիքներ տրամադրի։ Ինչպես ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, եթե ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը չարձագանքեն ՌԴ պահանջներին անվտանգության երաշխիքների մասին, դա կարող է հանգեցնել առճակատման նոր պտույտի։



























