Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Վերին Շենգավիթ թաղամասում, ինչպես եւ մայրաքաղաքի մյուս համայնքներում, կանաչ տարածքների սով է: Տեղի բնակիչները համատարած ամայությունից շնչահեղձ չլինելու համար ամեն մեթոդ օգտագործում են` տարածքը կանաչապատելու համար: Հիշյալ թաղամասի երկրորդ փողոցի 7/2 շենքի բնակիչ Լեոնիդ Մելիքյանը ուշագրավ մեթոդ է մշակել. շենքի բակի մի հատվածը, որտեղ նախատեսվում է երեխաների համար խաղահրապարակ կառուցել, առանձնացրել է օգտագործման համար ոչ պիտանի սառնարաններով, դրանց մեջ հող լցրել ու ծաղիկներ տնկել: Ասում է, որ մի քանի սառնարան իզուր պարապուրդի է մատնված. հող չկա, որ դրանց մեջ լցնի ու ծաղիկներ տնկի:
«Արդեն երրորդ տարին է, որ մշակում եմ ծաղիկները, բակի երեխաներն ու տարածքով անցնող-դարձողները հոտ են քաշում, մեկ-մեկ էլ պոկում են»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բակի բնակիչ Յուրան եւ հավելեց, որ սիրում է, երբ շուրջբոլորը մաքուր ու բարեկարգ է: Երեւի այդ է պատճառը, որ իր ուսերին է վերցրել շենքի շքամուտքի բարեկարգումն ու նորոգումը եւ շուտ-շուտ թարմացնում է շենքի մուտքի դռան ներկը:
Ի դեպ, շենքի առաջին հարկում է ապրում Մելիքյանի հարսը, ով նույնպես ներդրում է ունեցել շքամուտքին շուք հաղորդելու հարցում. հետաքրքիր աքսեսուարներ ու նկարներ է փակցրել պատերին ու հատուկ հետեւում է շքամուտքի մաքրությանը:
Ի դեպ, մասնագիտությամբ ինժիներ-մեխանիկ 65-ամյա Լեոնիդ Մելիքյանը, ում շենքի բնակիչները դիմում են «Յուրա ձյաձյա» կոչականով, փորձել է ի կատար ածել շենքի բակի երեխաների եւ նրանց ծնողների խնդրանքը. 40 ստորագրություն է հավաքել ու դիմել Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ`խնդրելով խաղահրապարակ կառուցել: Երեք ամիս է, սակայն, դիմումին չեն արձագանքել: Երեւի խաղահրապարակի կառուցումը գլուխ բերեն սեփական միջոցներով:
Իսկ նոր ծաղիկներ տնկելու համար անհրաժեշտ հողը ձեռք բերելու հարցում տարբերակներ են քննարկում:




























