Հայաստանի առեւտրային բանկերում ընդհանուր ավանդներում գերակշռում են տնային տնեսությունների, այսինքն` քաղաքացիների խնայողությունները: Խնայողությունների աճը նշանակում է նույն քաղաքացիների բարեկեցության աճ,  երբ ընթացիկ եկամուտները գերազանցում են ընթացիկ ծախսերը: Կան նաեւ այլ պատճառներ:  

Հայաստանի առեւտրային բանկերում ռեզիդենտների ավանդների պատկերը հետեւյալն է. ընթացիկ տարվա մայիսին դեպոզիտային ընդհանուր գումարը 637,4 միլիարդ դրամ էր եւ անցած տարվա մայիսի համեմատ աճել է 111,8 միլիարդ դրամ (21,3%):

Խնայողությունների զգալի աճին զուգահեռ տեղի է ունեցել զգալի գնաճ: Խնայողությունների աճի առյուծի բաժինը (82,6%) տնային տնտեսություններինն է: Ստացվում է, որ կյանքի թանկացումը ոչ բոլոր քաղաքացիների իրական եկամուտների վրա է ազդել:

Հայաստանի առեւտրային բանկերում բնակչության ավանդների մնացորդը հասել է 394,7 միլիարդ դրամի եւ մեկ տարում աճել է 92,3 միլիարդ դրամով (30,5%). Ընդհանուր ավանդներում ռեզիդենտների մասնաբաժինը 57,5%-ից հասել է մինչեւ 61,9%: Ավանդների միայն 16,3%-ն է դրամով, իսկ արտարժույթով` 45,6%:

Մայիսի դրությամբ առեւտրային բանկերի համակարգում միջին տարեկան դեպոզիտային տոկոսադրույքն ավելացել է 0,17%` մարտ ամսվա համեմատ եւ հասել է 9,22%-ի:

Հաշվի առնելով, որ գնաճը հասել է այդ նշաձողին` ստացվում է, որ բնակչությունն իր փողերը բանկում է պահում ոչ թե աճի, այլ պարզապես բանկային ծառայությունները որպես յուրօրինակ գանձապահարան օգտագործելու համար:

Բնակչության մեկ շնչին բաժին է ընկնում միջինը 120,9 հազար դրամ ավանդ ($323): Համեմատության համար նշենք, որ 2010-ին մեկ շնչին միջին բաժին էր հասնում 597,3 հազար դրամի մանրածախ ապրանքաշրջանառության եւ ծառայությունների ծավալ: Եթե ավանդները հավասարաչափ բաշխված լինեին հասարակությունում, ապա բոլոր այլ հավասար պայմաններում դրանք կհերիքեին 75 օրվա ապրանքների եւ ծառայությունների համար:

Իսկ իրականում, բանկում խնայողություն ունենալու շքեղություն իրենց թույլ տալ կարող են ոչ բոլոր հայաստանցիները: 2009-ին բնակչության 1/3-ը աղքատության շեմը չէր գերազանցում: Միջին ամսական աշխատավարձի աճը գերազանցող գնաճն ավելացրել է այդ տոկոսը: «Աղքատներին» պետք է գումարել ֆորմալ «ոչ աղքատներին», որոնց սահմանափակ ընտանեկան բյուջեն բացառում է «ավելորդ» փողի կուտակում եւ խնայողություն: