Հանցավոր սխեմաներ օգտագործող խարդախները մոտ 100 միլիարդ դոլար են հափշտակել ԱՄՆ կառավարության կողմից համավարակի ժամանակ բնակչությանն ու բիզնեսին աջակցելու համար հատկացված միջոցներից։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ գաղտնի ծառայության` այս ոլորտում հանցագործությունների բացահայտման համակարգող Ռոյ Դոթսոնը։
Գործակալության գնահատականների համաձայն՝ հափշտակված միջոցների չափը կազմում է երկրի բնակիչներին եւ ձեռնարկություններին օգնելու համար հատկացված 3.4 տրլն դոլարի մոտ 3 տոկոսը։ Դրա մի զգալի մասը բաժին է ընկնում գործազրկության նպաստի վճարմանը հատկացվող գումարներին։ ԱՄՆ աշխատանքի նախարարությունը հայտնել է 87 միլիարդ դոլարի հնարավոր չարաշահման մասին, որի մեծ մասը հայտնվել է խարդախների ձեռքը։
Ներկայումս ԱՄՆ Գաղտնի ծառայությունը 1.2 միլիարդ դոլար սառեցրել է կառավարության օգնության փաթեթից՝ գործազրկության ապահովագրության եւ վարկերի տրամադրման ոլորտում խարդախության ստուգումների շրջանակներում: Ընդհանուր առմամբ, ներկայումս բոլոր նահանգներում շուրջ 900 հետաքննություն է ընթանում, կալանավորվել է մոտ 100 մարդ:





























