Փաշինյանը մտադրվել է սահմանադրական բարեփոխումներով անցնել կիսանախագահական կառավարման ձեւի եւ եւս 10 տարի էլ որպես նախագահ կառավարի : Այս մասին NEWS.am -ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը:
«Հայաստանում կարելի է իշխանափոխություն անել, բայց դրա համար պետք է նպատակ դնել, եթե չկա այդպիսի նպատակ, ընդդիմությունը բնականաբար սկսում է ստատուսներ գրել սոցիալական ցանցերում եւ երկրորդն էլ սկսում ես խաղալ վարչապետի գծած խաղի կանոններով: Իսկ վարչապետը հստակ գիծը գծել է` անձնիշխան կառավարման համակարգ է ստեղծում, ՏԻՄ մարմինները վերցնում է իր հսկողության տակ, Երեւանի քաղաքապետարանը վերցրեց իր հսկողության տակ: Այսինքն կարող ենք ասել, որ վարչական ռեսուրսը հիմնականում իր վերահսկողության տակ է: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն է ակտիվացրել, որը կիսանախագահական կառավարման համակարգի տեքստ կհրապարակի: Վարչապետը հավանաբար կդնի հանրաքվե եւ իր ուզած տոկոսը կստանա` կտրվելով խորհրդարանի վերահսկողությունից: Նա կընտրվի նախագահ 5 տարի, հետո եւս 5 տարի կշարունակի, եւ 10 տարի հետո ով ինչ կլինի, չի լինի, արդեն դժվար է ասել, 10 տարվա երաշխիք է ստանում: Վարչապետը հիմա այդ գործընթացի վրա է աշխատում»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք կհաջողի Փաշինյանը այս գործընթացը, քաղաքագետն ասաց, որ եթե ընդդիմությունը ոչինչ չանի, Փաշինյանը կհաջողի իրագործել այս կանխատեսումը:
«Բացի ԱԺ-ում մի քանի ելույթներից, ես ոչ մի բան չեմ տեսնում ընդդիւմության կողմից` մի հատ երթ սեպտեմբերին դեպի Եռաբլուր, մի հատ էլ ակցիա ԲԴԽ-ի մոտ, ուրիշ ոչ մի բան չեմ տեսել: Իշխանափոխություն հնարավոր է, եթե ընդդիմությունը դրա մասին լրջորեն մտածի, հակառակ դեպքում հնարավոր է 10 տարի եւ ավել ներկա ղեկավարի պաշտոնավարի»,- ասաց նա:





























