«Առավոտն» իր խմբագրականում գրում է. «Մինսկի խմբի համանախագահները նորից գալիս են տարածաշրջան։ Նրանց գործուղած երկրները հասկանում են, որ մի քանի ամսից մերոնք, իսկ այնուհետեւ՝ ադրբեջանցիները կասեն՝ «մեզ մոտ ընտրություններ են, մենք կարգավորմամբ չենք կարող զբաղվել»։ Ժամանակը, հետեւաբար, սուղ է, բայց ես չեմ տեսնում Ադրբեջանի կողմից պատրաստակամություն՝ կատարելու իր քայլերը, համաձայնել Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակին եւ հետագայում՝ «չսահմանափակված օրակարգով» հանրաքվեին, ինչպես որ դա նախատեսվում է «մադրիդյան սկզբունքներով»։ Հայաստանի կողմից, որքան հասկանում եմ, համաձայնություն կա «դրա դիմաց» Ղարաբաղը շրջապատող շրջաններից դուրս գալու՝ նույն «սկզբունքների» համաձայն։ Բայց «դրա դիմաց» եւ ոչ թե «հենց այնպես», ինչպես որ դա ուզում է Ադրբեջանը։
Մի խոսքով, կողմերի դիրքորոշումները պարզ են` այստեղ ոչ մի գաղտնիք չկա: Բայց մեր ժողովուրդների հասարակական ընկալման մակարդակով նույնպես չկա փոխզիջումների ընկալման անհրաժեշտությունը: Այսինքն` այն, ինչին համաձայն է Հայաստանը, եւ այն, ինչին դեռեւս համաձայն չէ Ադրբեջանը (բայց թերեւս ստիպված կլինի համաձայնել` միջազգային զարգացումների տրամաբանությունն է դա հուշում), ընկալում է որպես անընդունելի եւ միակողմանի զիջում: Եթե դուք բացեք ցանկացած համացանցային քննարկում, ապա ականատես կլինեք երկու ազգերի լեզվակռվին, որը շատ հազվադեպ չի վերածվում երկուստեք սեռական բնույթի հայհոյաքնքների: Լեզվակռվի էությունը հետեւյալն է. Ղարաբաղը բնիկ հայկական (ադերբաջանական) հող է, հետեւաբար, դուք, (մեջբերում եմ «բանավեճի» ամենամեղմ արտահայտությունը) «չմո» ազգ եք, իսկ մենք` ոչ: «Մեր պատմական հողը լինելու» փաստարկը քաղաքական չէ, անիմաստ է եւ տանում է փակուղի»:




























