«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում է ահազանգել, որ «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում գտնվող սրբատեղիներ այցելող ուխտավորներից 3000-ական դրամ են գանձում, ինչն անթույլատրելի է:

Նախաձեռնությունից NEWS.am-ին են փոխանցել իրենց հաղորդագրությունը, որում ասվում է.

«Նախօրեին Հայաստանի կառավարությունը հաստատել է արգելոցի պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման և օգտագործման ծրագիրը, որով նախատեսվում է մոնիթորինգի ենթարկել ավելի քան 300 հուշարձաններ` դրանք վերականգնելու և բարեկարգելու նպատակով։

Բարձր գնահատելով կառավարության քայլը, միաժամանակ հայտնում ենք, որ չփարատված է մնում «Ճանաչիր քո երկիրը»-ի կողմից 2 ամիս առաջ բարձրացված խնդիրը` արգելոցի տարածքում գտնվող սրբատեղիներ այցելող ուխտավորներից 3000-ական դրամ գանձելու վերաբերյալ:

Խոսրովի անտառի տնօրենը հունիսի սկզբին փորձեց արդարացնել ուխտավորներից գումարի գանձումը «Հայաստանում էկոտուրիզմի զարգացման անհրաժեշտությամբ»: Հաշվի առնելով այդ հանգամանքը` «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունն առաջարկում է ամսական առնվազն մեկ անգամ Խոսրովի անտառում գտնվող սրբատեղիների ուխտավորների համար կազմակերպել այսպես կոչված «բաց դռների օր»:

Խնդրի լուծման հարցում «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը ապավինում է վարչապետ Տիգրան Սարգսյանի աջակցությանը»: