Իրանահայ 4 լրատվամիջոցներ` «Իրանահայեր» լրատվական ցանցը, «Արաքս», շաբաթաթերթը, «Յոյս» երկշաբաթաթերթն ու «Լույս» ամսագիրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ իրենց բողոքն են հայտնում Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի` լրատվամիջոցների հանդեպ խտրական վերաբերմունքի առնչությամբ:
Հայտարարության մեջ ասվում է.
«Հասարակական, քաղաքական եւ այլ մարզերի, իրադարձությունների եւ խնդիրների տեղեկատվությունն ու լուսաբանումը մամուլի պարտականությունն է, ուստիեւ լրահոսքի բուն աղբյուրին հասնելու համար նա դիմում է ամենատարբեր կառույցների ներկայացուցիչներին եւ անձանց: Իսկ վերջիններիս, նամանավանդ կառույցների պարտականությունն է, հարգելով հասարակության տեղեկացված լինելու իրավունքը, առանց խտրականություն դնելու մամուլի ներկայացուցիչների միջեւ, նրանց փոխանցել եւ տրամադրել իրենց ասելիքը:
Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանից անհայտ պայմաններում հինգ մանրանկարների եւ երկու յուղանկար կտավների անհետացման եւ Լոնդոնի աճուրդում դրանց հայտնվելու վերաբերյալ իրանահայ մամուլի կողմից հրապարակված բացահայտման լայնամասշտաբ արձագանգը հայաստանյան եւ սփյուռքյան լրատվամիջոցներում եւ, փաստորեն, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդին պատասխանատվության առջեւ դնելուց հետո միայն, նշյալ կառույցը հաստատելով թալանման լուրը, խոստացավ հաղորդագրությամբ հանդես գալ այդ կապակցությամբ:
Սակայն ի զարմանս իրանահայ մամուլի, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը հարցականներով լի իր «լուսաբանման» հայտարարությունը մամուլին հղելու փոխարեն, այն տրամադրեց միմիայն Թեհրանում տպագրվող ՀՅԴ պաշտոնաթերթ «Ալիք»-ին:
Թե ի՞նչն էր, մինչեւ թալանված իրերի մասին մամուլի հրապարակումներ կատարելը, Թեմական խորհրդի քար լռության պատճառը, կամ թե այսօր ի՞նչն է մղում նշյալ խորհրդին, իր հայտարարությունները մամուլին հղելու փոխարեն, միմիայն դաշնակցական օրգանին տրամադրել, պարտավոր են առաջին հերթին պատասխանելու իրենք` Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի պատասխանատուները:
Մեզ` ներքո ստորագրող Իրանահայ մամուլի ներկայացուցիչներիս, մնում է հայտարարել, որ հանցագործության քողարկումը, նման ազգային իրերի թալանման նկատմամբ «խորհրդապահ» վերաբերումը` փաստորեն թափանցիկ աշխատանքից խուսափելը, նշանակում է մեղսակցություն կատարված հանցագործության մեջ:
Մենք` իրանահայ մամուլի ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի լրատվամիջոցների նկատմամբ նման ոտնձգությունը, փաստորեն խտրական վերաբերումը ոտնահարում է նախ եւ առաջ հասարակության տեղեկացվածության իրավունքը, որպես ժողովրդավարական ամենաառաջնային իրավունք:
Մենք նման գործունեությունը, ի մասնավորի Սփյուռքյան պայմաններում, որակում ենք քայքայիչ եւ կործանիչ»:




























